Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը. Կոստանյան
Հայաստանը գոհ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական դինամիկայից և պատրաստ է հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Այդ մասին Anadolu գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: Նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի բանակցությունները ևս դրական է որակել:
«Մենք գոհ ենք այն դրական դինամիկայից, որը տեսնում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում: Բայց մենք հավատում ենք, որ դեռ շատ բան կարելի է անել, հատկապես երբ խոսքը վերաբերում է հարաբերությունների լիակատար կարգավորմանը, սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- նշել է Կոստանյանը:
Փոխարտգործնախարարը լավատեսություն է հայտնել ապագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես, Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման հարցում, որը, նրա կարծիքով, տնտեսական օգուտներ կբերի ոչ միայն Հայաստանին և Թուրքիային, այլև ամբողջ տարածաշրջանին:
«Կարելի է շատ ավելին անել, և դա կարելի է անել ավելի օպերատիվ կերպով: Եվ ուղերձը, որը մենք միշտ փորձում ենք փոխանցել մեր թուրք գործընկերներին, այն է, որ հիմա գործելու ժամանակն է։ Մենք չպետք է ժամանակ կորցնենք»,- հավելել է Կոստանյանը:
The post Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը. Կոստանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.