Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է. ՏԿԵ նախարարի տեղակալ
Սոթքի հանքավայրը ստորգետնյա եղանակով շահագործելու որոշումը չի կարելի պայմանավորել քաղաքական և աշխարհաքաղաքական գործոններով:
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ծաղկաձորում կայացած «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում նշեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, որի պնդմամբ՝ այդ որոշման հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է:
Փոխնախարարը նշեց, որ հանքավայրը ստորգետնյա եղանակով շահագործելու որոշումը հաստատել է հատուկ հանձնաժողովը:
«Հանքերը բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործելու նպատակահարմարությունը կախված է տեխնիկա-տնտեսական հիմնավորումից՝ նրանից, թե որ եղանակով է ավելի շահավետ շահագործել: Այս դեպքում տնտեսապես հիմնավորվել է ստորգետնյա շահագործման անցնելու նպատակահարմարությունը, ինչը հաստատվել է հանձնաժողովի կողմից: Չի կարելի դա կապել քաղաքական, աշխարհաքաղաքական պատճառների հետ, որովհետև կան բնամասեր, որոնք ավելի մոտ են գտնվում երկրի մակերևույթին և դրանք ավելի հարմար է շահագործել բաց հանքի ձևով, իսկ ավելի խորը բնամասերի դեպքում արդյունավետ է ստորգետնյա եղանակը»,- նշեց փոխնախարարը:
Նրա խոսքով՝ ժամանակ է պետք, որպեսզի Սոթքի հանքավայրը հասնի ստորգետնյա եղանակով շահագործման նախագծային հզորությունների ցուցանիշին՝ տարեկան մոտ 400 հազար տոննա: Հաշվարկների համաձայն՝ այդ հզորությանը հանքավայրը պետք է հասնի 2025 թվականի երկրորդ կիսամյակում: «Այս պահին արդեն հասել են տարեկան շուրջ 100-150 հազար տոննա արտադրողականության: Նախագծային հզորության հասնելու համար պահանջվում է իրականացնել ենթակառուցվածքային աշխատանքներ, որոնք ժամանակ են պահանջում»,- ասաց նա:
Իսկ Սոթքի հանքավայրի մի մասի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելու հարցին փոխնախարարը հորդորեց անդրադառնալ այդ հատվածում սահմանազատման գործընթացի ավարտվելուց հետո: Հարցին, թե մոտավորապես որքան կկազմի վնասը, եթե այս հանքավայրը աշխատի ոչ լիարժեք՝ Հովհաննես Հարությունյանը պատասխանեց. «Եթե հանքի արտադրողականությունը իջնում է, քանի որ պաշարների քանակը նվազում է, ապա պարզ է, որ տնտեսական էֆեկտն էլ կլինի բացասական: Հանքի այն հատվածը, որը շահագործվում էր բաց եղանակով՝ անկախ այդ գործողություններից 2023 թվականից սկսած շահագործվելու էր ստորգետնյա եղանակով»,- արձանագրեց նա:
Նա տեղեկացրեց նաև, որ ներկայում Սոթքի հանքավայրն ունի ավելի քան 200 աշխատակից, որոնց թիվը արտադրական նախագծային հզորությունների ավելացմանը զուգահեռ նախատեսվում է հասցնել 500-ի:
Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեցին նաև, թե քաղաքական զարգացումներն ինչպե՞ս են անդրադարձել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում ռուսական դրամագլխի մասնակցության վրա:
«Հայաստանի կառավարությունն ունի որդեգրած քաղաքականություն, ներդրումների պաշտպանության քաղաքականություն և ամեն ինչ ամրագրված է օրենքով: Բոլոր կազմակերպությունների հետ իրավահարաբերվում ենք՝ հիմնվելով միայն պայմանագրերով սահմանված դրույթների և մեր օրենսդրության պահանջների վրա: Ամբողջ աշխարհում ընդունված չէ կապիտալի հետ իրավահարաբերությունները կառուցել՝ ելնելով աշխարհաքաղաքական գործոններից: Եթե կլինեն այնպիսի կազմակերպություններ, որոնք խնդիրների կբախվեն Ռուսաստանի և ռուսական կապիտալի հանդեպ արևմտյան սանկցիաների պատճառով, ապա այդ հարցերի վերաբերյալ առանձին-առանձին քննարկումներ կարող ենք ունենալ: Բայց՝որպես կառավարություն, մեր վերաբերմունքը հավասար է բոլորի նկատմամբ»,- հայտարարեց Հովհաննես Հարությունյանը:
The post Սոթքի հանքավայրի շահագործման եղանակի փոփոխության հիմքում տեխնիկա-տնտեսական բաղադրիչն է. ՏԿԵ նախարարի տեղակալ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.