Սահմանի բոլոր հատվածներում Ադրբեջանը պետք է մեզ զիջի, բայց հայտարարում է, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, որը կոնկրետ քարտեզի հղում չունի. Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը 

– Պարո՛ն Կարապետյան, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիզադեն ասել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի այն հարցի հետ, թե որտեղով են անցնում ԱՊՀ անդամ երկրների սահմանները, և որ տարածքները որ երկրին են պատկանում: Սրան զուգահեռ հայկական կողմում կանոնակարգն արդեն ուղարկել են խորհրդարանի հաստատմանը, քանի որ Սահմանադրական դատարանը այն Մայր օրենքին հակասող չի ճանաչել։ Այս զուգահեռ իրականությունների վերաբերյալ ձեր դիտարկումներն եմ խնդրում, ի՞նչ է նշանակում Ադրբեջանից եկող այս հայտարարությունը։

– Ադրբեջանն անկեղծ հայտարարություն է տարածել, մասնավորապես այն մասով, որ, այո՛, Ալմա Աթայի հռչակագիրը ինքնին որևէ քարտեզային պատկեր ու նկարագիր չունի, ու այս մասով ադրբեջանական կողմն իրավացի է: Ես ինքս էլ բազմիցս ու նաև բազմաթիվ կոմպետենտ քաղաքական վերլուծաբաններ ասել ենք այս մասին։ 

Կան տարբեր թվականների քարտեզներ, որոնց Ադրբեջանը կարող է հղումներ անել ու, տարբեր լոկալ հատվածներում շահարկելով այդ տարբեր քարտեզները, առաջ մղել իրենց օրակարգը։ Ու քանի որ մենք զիջողական քաղաքականության ականատես ենք, ապա ակնկալելի է, որ հայկական կողմն այդ ամենը բավարարելու է։ Ադրբեջանն այս մասին վաղ թե ուշ խոսելու էր։ 

Ուղիղ տեքստով ասում են, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, ու այդ մասով Հայաստանի իշխանություններն արդեն ասելիք էլ չունեն, որովհետև նրանք համաձայն են այն քարտեզներին, որոնք դեմ է տալիս Ադրբեջանը։ Ադրբեջանը սրանով հասկացնում է, որ որևէ քարտեզային հիմք չկա, հետևաբար տարբեր հատվածներում տարբեր քարտեզներով են իրականացվելու սահմանազատման և սահմանագծման գործողությունները։ Սա մեր իշխանությունների «փայլուն դիվանագիտության» մասին է խոսում։ 

Ճիշտ նկատեցիք, որ զուգահեռ իրականություն է, որովհետև Ադրբեջանում այդ կանոնակարգը որևէ մակարդակով չի քննարկվում, իսկ մեզանում այն արդեն խորհրդարանի հաստատմանն է ներկայացվել։ Ադրբեջանում ոչ միայն այն քննարկման առարկա չեն դարձրել, այլև դեռ անորոշություն է, Բաքուն անգամ չի հրապարակել այդ տեքստը։ 

Ամենազավեշտալին այն է, որ անձնապես Փաշինյանի օգտագործման այսօրվա ընդդիմությունը, ես թույլ եմ տալիս ինձ այդպես արտահայտվել, հրաժարվում է ապալեգիտիմացնել Ազգային ժողովը, մանդատները վայր դնել, իսկ այս պարագայում միակ իրավաքաղաքական գործիքը մնացել է դա, բայց իրենք հիմա էլ դա չեն անում, իսկ իրական ընդդիմությունը պետք է հիմա բոյկոտեր կանոնակարգի հաստատումը։ 

– Եթե Ադրբեջանը հիմա, ըստ էության, հրաժարվում է այդ հռչակագրից, որը դրվել էր այդ կանոնակարգի հիմքում, ապա ինչո՞ւ է այն ժամանակ ստորագրել այդ փաստաթուղթը։

– Որովհետև Ալիևին պետք էր այդ րոպեին մանևրել, ասելով, որ, այո՛, մենք պատրաստ ենք Ալմա Աթայի հռչակագրով առաջնորդվել, բայց մարդիկ երբեք հղում չեն տվել որևէ քարտեզի, դրա համար էլ տավուշյան դեպքերը տեղի ունեցան 75 թվականի քարտեզով: Իսկ հիմա ինչո՞ւ նույն այդ կարգի համաձայն չեն շարունակվում սահմանազատման գործողությունները, որովհետև այս պահին Ալիևը նախընտրում է այլ թվականի քարտեզ։ 

Նկատեմ, որ Ադրբեջանը պատահական չի հնչեցրել այս հայտարարությունը ու այն էլ այդ մակարդակով: Սա արվել է ոչ թե իրենց կամ հայկական լսարանի համար, այլ նրա, որ տեսնեն, թե ինչպես կարձագանքեն այս ամենին դիվանագետները, քաղվերլուծաբանները։ Հիմա սահմանի բոլոր հատվածներում Ադրբեջանը պետք է մեզ զիջի, բայց հայտարարում է, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, որը կոնկրետ քարտեզի հղում չունի։ 

– Պարո՛ն Կարապետյան, այդ դեպքում հայկական կողմն ի՞նչ փաստաթուղթ է վավերացնում։

– Ես էլ չգիտեմ, այդ կանոնակարգը, որ ՍԴ-ն հաստատել է, ո՛ր քարտեզն է հիմքերի հիմք դրված, որովհետև եթե կոնկրետ թվականի քարտեզ չկա, ապա խորհրդարան մտած այդ փաստաթուղթը ստացվում է ֆիկտիվ փաստաթուղթ, որը չունի քարտեզային հիմք։ 

Ստացվում է, որ Սովետական Միության բոլոր քարտեզները, որոնք կան ձեռքի տակ, կարող են օգտագործվել։ Եթե դու քաղաքական օրենսդիր մարմին ես ու օրենսդրությամբ հստակ ակտ ես հաստատելու, ապա պարտավոր ես իրավաբանական բոլոր գործիքներով հստակեցում մտցնել, այսինքն՝ հստակեցնել կանոնակարգը ու դրան կից, անբաժանելի մաս համարվող այսինչ-այսինչ թվականի քարտեզները: Բայց ես ավելի քան վստահ եմ, որ եթե հաստատեն, քարտեզային հիմք չի լինելու, իսկ դա հավելյալ խնդիրներ է ստեղծելու մեզ համար։

– Բայց եթե իրավական կողմը ստուգող գլխավոր կառույցը որևէ խնդիր չի տեսել ու հաստատել է, ապա ի՞նչ պետք է անի օրենսդիր մարմինը։ 

– Ուրեմն մենք ունենք կասկածանքի լուրջ հիմքեր, որ այս մարդկանց ընդամենը պետք է, բառիս բուն իմաստով՝ լյուֆտի տեղ, որ վաղը-մյուս օրն ասեն՝ ժողովուրդ ջան, դե, ՍԴ-ն կանոնակարգը իրավաճանաչ է համարել, ուղարկել է, մենք հաստատել ենք: Դուք էլ տեսաք՝ որևէ բողոք չկա, ընդդիմությունն էլ ոչինչ չարեց, ուրեմն խնդիր չկա։ Այս ամենի հետևանքով մենք տեսնելու ենք, որ Հայաստանի մի մարզում սահմանազատումն իրականացվելու է մի քարտեզով, մեկ այլ մարզում՝ բոլորովին այլ։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Սահմանի բոլոր հատվածներում Ադրբեջանը պետք է մեզ զիջի, բայց հայտարարում է, որ Ալմա Աթան ընդամենը հռչակագիր է, որը կոնկրետ քարտեզի հղում չունի. Կարապետյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net