Թուրքիան կգնա սահմանների բացման, բայց փուլերով, ու յուրաքանչյուր փուլում Հայաստանից զիջումներ է կորզելու. Արա Պողոսյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արա Պողոսյանը
– Պարո՛ն Պողոսյան, Թուրքիայի արտգործնախարարը նախօրեին ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, երբ ստորագրվի Ադրբեջանի հետ համաձայնագիրը։ Նախապայմա՞ն է սա, ու որքանո՞վ եք հավանական համարում այդ համաձայնագրի կնքումը մոտ ապագայում։
– Անկեղծ ասած, զարմանում եմ, որ Հայաստանում զարմանում են Թուրքիայի նախապայմաններից։ Ի սկզբանե, երբ գործընթացը նոր պետք է սկսվեր, երբ ասվում էր, թե ուր որ է հարաբերությունները կկարգավորվեն, Հայաստանում միշտ մարդիկ կային, որ ասում էին՝ եթե մենք Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, Թուրքիան կճնշի Ադրբեջանին, որպեսզի նա չհարձակվի Հայաստանի վրա։
Այս թեզը սկսեցին մեր ժողովրդի մեջ տարածել, ես սա համարում եմ դիվերսիա, որովհետև սա ոչ միայն իրականությանը չի համապատասխանում, այլև ժողովրդի ազգային դիմադրողունակության դեմ արվող քայլ էր, որը կատարվեց։ Իրականությունն այն է, որ Թուրքիան երբեք՝ Ադրբեջանից անկախ կամ առանց ընդհանուր ռազմավարական շահերը հաշվի առնելու, Հայաստանի հետ հարաբերություն չի կարգավորելու։
Թուրք տարբեր պաշտոնյաներ մշտապես ասել են, որ Հայաստանի առաջ դրվելու են այս-այս հարցերը, ու հիմա այստեղ որևէ նորություն չկա, Թուրքիան ընդամենն իր քաղաքականությունն է շարունակում։ Նորությունն այն է, որ հայկական տիրույթում հայ պաշտոնյաները ստել են ժողովրդին՝ ներկայացնելով գործընթացում տարբեր առաջընթացներ, իբրև թե այս կամ այն բանը կլինի։ Ասում էին, որ երրորդ երկրի քաղաքացիների համար սահմանը ուր որ է կբացվի, բացվե՞ց, չի բացվել ու չի բացվելու, քանի դեռ Հայաստանը մինչև վերջ չի հանձնվել Թուրքիային ու Ադրբեջանին։
– Իսկ ինչո՞ւ է Հայաստանի իշխանության մակարդակով հայտարարվում, թե Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների։
– Իշխանությունները ե՞րբ են անկեղծ եղել ժողովրդի հետ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների իբրև թե կարգավորման գործընթացի մասով։ Ժողովուրդը միշտ կանգնել է կատարված փաստի առաջ, պոստ ֆակտում գործընթացներ են միշտ եղել։
Ասել են՝ ձեռքս կկտրեմ, բայց Ադրբեջանի հետ այսպիսի պայմանագիր չեմ կնքի, բայց մեկ ամիս հետո Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու պայմանավորվածություն է ձեռք բերվել այն նույն մարդու կողմից, որ ասում էր՝ ձեռքս կկտրեմ, բայց դա չեմ անի։
Խնդիրն այն է, որ այս իշխանությունն իր իշխանության պահպանումը տեսնում է բացառապես Հայաստանի շահերը զոհաբերելու հաշվին՝ հարաբերական խաղաղության վիճակ ապահովելով, դա կլինի տարածք զիջելու միջոցով, կենսական շահեր զիջելու միջոցով, նախապայմաններին տուրք տալու միջոցով և այլն։
Հիշում ենք, որ վերջերս ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի իշխանության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը չէ, որ «պատմության ողբերգական անցքերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները, սա արտաքին քաղաքականության ու դիվանագիտության խնդիր չէ»։ Սա թեզ է, որը միշտ հենց Թուրքիան է առաջ մղել, սա մի՞թե նախապայմանի բավարարման մասին հայտ չէ։ Այն հարաբերություններում, որտեղ ամեն օր կրկնում են՝ իբրև թե չկան նախապայմաններ, պետք է հենց այդտեղ նախապայմաններ փնտրել։
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանի իշխանությունը ի վերջո կգնա Ադրբեջանի պայմաններով պայմանագրի ստորագրման։
– Դա կախված է միջազգային գործընթացներից, եթե վերանանք դրանցից ու լոկալ մակարդակում դիտարկելու լինենք, ապա մի՞թե մինչև այժմ Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի պայմաններով չեն գնացել հարաբերությունների կարգավորման գործընթացի, ըստ էության, մինչև այժմ հենց դա է եղել։ Եթե չլինեն արտաքին տարբեր շահեր, որոնք դեռևս ընդհանուր կոնսենսուս չունեն, հնարավորություն են տալու ժամանակավորապես խուսանավել դրանից, այն պահին, երբ այս կամ այն հարցի շուրջ կլինի այդ կոնսենսուսը, Հայաստանի իշխանությունը կգնա դրան։
Երեկ նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն էր հայտարարել, որ եթե Հայաստանի իշխանությունները չստորագրեն այդ պայմանագիրը, ապա Ադրբեջանը՝ որպես հաղթող պետություն, կարող է Հայաստանին ստիպել ստորագրել այդ պայմանագիրը։ Ստիպում են մի բան, որը քեզ ձեռնտու չէ, այսինքն՝ Ադրբեջանը պատկերացնում է, որ այդ պայմանագիրը պետք է լինի իր կամքին ու ցանկություններին համապատասխան՝ Հայաստանի կենսունակությունը կրճատելու հաշվին։
– Պարո՛ն Պողոսյան, այդ հայտարարությունը իբրև սպառնալիք կարո՞ղ ենք դիտարկել։
– Ադրբեջանը երբեք չի խուսափել ուժի, ուժի կիրառման սպառնալիքի լեզվով խոսել, ընդհակառակը՝ խաղաղության պայմանագիր չկնքելու ֆունդամենտալ հիմքերից մեկը հենց այն է, որ տեղ մնա Հայաստանին ուժի կիրառման սպառնալիքով այս կամ այն բանը պարտադրելու։ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե իրավունքի ուժի դիրքերից, այլ՝ ուժի իրավունքի դիրքերից։
– Եթե ենթադրենք, որ այդ պայմանագիրը կնքվում է Ադրբեջանի պահանջներին համապատասխան, ինչը, ըստ էության, այնքան էլ խաղաղության պայմանագիր չի լինելու, այդ պարագայում Թուրքիան Հայաստանի հետ ի՞նչ հարաբերություններ կունենա։
– Այդ պարագայում, երբ Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվում են, ապա սպասելի է, որ սահմանի բացում կլինի, բայց ոչ թե նրա համար, որ Թուրքիան ցանկություն ունի բացել Հայաստանի շնչօղակը, այլ խնդիրը բոլորովին այլ է՝ Հայաստանի տնտեսական ամբողջ հնարավորությունները կապել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, ինչը հնարավորություն կտա արդեն փափուկ ուժի կամ տնտեսական դիվերսիաների միջոցով Հայաստանը պահել թուրք-ադրբեջանական ազդեցության գոտում։ Զուտ այս գործիքը ստանալու համար Թուրքիան կգնա սահմանների բացման, բայց դա չի լինելու միանգամից, լինելու է փուլերով, ու յուրաքանչյուր փուլում Թուրքիան Հայաստանից զիջումներ է կորզելու։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Թուրքիան կգնա սահմանների բացման, բայց փուլերով, ու յուրաքանչյուր փուլում Հայաստանից զիջումներ է կորզելու. Արա Պողոսյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.