Քաղաքապետարանն իրականում փիար գործիք է կիրառում հանրության ուշադրությունը իրական խնդրից շեղելու համար. Բաբկեն Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ տրանսպորտի ուղեվարձը 100 դրամանոցով կամ QR կոդով վճարելու արդյունքում «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ գումար է հավաքել, քան այն ժամանակ, երբ վճարման ձևը փոխված չէր։ Որպեսզի ընթերցողներին պարզ լինի, խնդրում եմ ասեք, թե այդ ի՞նչ մեխանիզմներ են կիրառվում հիմա, որ նախկինում չկար, ինչը նպաստում է, որ ավելի շատ գումարներ հավաքի։

– Դա իրականում փիար գործիք է հանրության ուշադրությունը իրական խնդրից շեղելու համար, որովհետև վճարման համակարգով , այո՛, ինչ-որ ստվերի տոկոս կարող է կրճատվել, որովհետև վարորդը կարող է 100 դրամը դնել իր գրպանն ու չհանի դրամարկղ, բայց իրականում այն թվերը, որոնք հրապարակում են, աղերս չունի իրական պատկերի հետ, որովհետև հավաքվող գումարը պետք է լինի 60 միլիոն։ 

Հիմա իրենք խոսում են ոչ թե նրա մասին, որ 60 միլիոն չեն հավաքում, այլ նրա մասին, որ հավաքվել է 30 միլիոն, ծափահարեք մեր արած անցմանը։ Այսինքն՝ իրենք իրականում տրանսպորտային համակարգի բարեփոխում չեն իրականացնում, բայց տարբեր գործիքակազմեր կիրառում են բարեփոխում սղացնելու համար։ 

Սրանք փիար տեխնոլոգիաներ են, որ հասարակությունը խոսի պայմանական 300 դրամից, որ հետո ասեն՝ լավ, 300 չի լինի, կլինի 150 դրամ, որ հասարակությունը խոսի վճարման համակարգի գործիքից և այլն: Իրականում լուրջ տեխնոլոգիա է կիրառվում, ու հասարակությունն էլ այս ամենը, կոպիտ ասած, կուլ է տալիս, ընդ որում՝ մեղադրելու չէ, որովհետև եթե տեխնոլոգիայի դեմ հակատեխնոլոգիա չկա, դա աշխատելու է։ 

Հիմա, երբ որ քո ընդդիմացող հատվածը խաղի կանոնը փոխելու փոխարեն սկսում է իրենց խաղի կանոնով խաղալ, ստացվում է, որ հակատեխնոլոգիա չկա, ու նրանք, ըստ էության, արդեն հաղթել են։ Հիմա ավագանու ընդդիմադիր հատվածը՝ երկու խմբակցությունն էլ, 100 դրամի համար ստորագրություն են հավաքում, ասում է՝ մի թանկացրեք, ըստ էության, երկուսն էլ լեգալացնում են տրանսպորտային համակարգի չբարեփոխումը, որովհետև դու չպետք է ասես՝ մի թանկացրու, պետք է ասես՝ տրանսպորտային համակարգը բարեփոխիր, նոր գինը կհաշվենք, ու ես արդեն ունեմ հաշվարկ, որ դու բարեփոխածն էլ չես թանկացնելու։ 

Իսկ քաղաքապետարանն այսօր ասում է՝ որպեսզի ես կարողանամ տրանսպորտային համակարգ ունենալ, պետք է թանկացնեմ, ինքը չի բերել 18 մետրանոց ավտոբուս, ասում է՝ պետք է փողը տաս, նոր բերեմ: Դա մոտավորապես նման է հետևյալին․ քաղաքապետարանից մինչև Կառավարության շենք հեռավորությունը 1 կմ է, ինքն այսօր Կառավարությունից քաղաքապետարան գնում է ոչ թե ուղիղ գծով կամ Վազգեն Սարգսյան փողոցով, այլ Արշակունյացով գնում է Վստրեչ, այնտեղից գալիս է Նար-Դոսով բարձրանում է, Սախարովի հրապարակով գնում է Պրոսպեկտ, այնտեղից Ամիրյանով գալիս է Կառավարություն։ Դու իրեն ասում ես՝ հո դու ապո՞ւշ չես, 1 կիլոմետրն ինչո՞ւ ես 5 կիլոմետր դարձնում, ինչո՞ւ ես մեքենան 5 կմ մաշեցնում, ինքն ասում է՝ որ 5 կմ մաշեցնեմ, տրանսպորտը թանկացնեմ, ես էլ ասում եմ՝ չէ՛, դու 1 կմ քայլիր, հասկանամ, թե դրա համար ինչքա՞ն փող պետք է տամ։  

– Այո՛,  դուք նախորդող հարցազրույցներից մեկում ասել եք, որ տրանսպորտային համակարգը չեն բարեփոխել, բայց սակագին են բարձրացնում, որ տրանսպորտային համակարգն ու ծախսերը չեն համապատասխանում…

– Այսինքն՝ դու իրականում մինչև օպտիմալ ցանցը չունենաս, այս մնացած ամեն ինչը բլեֆներ են՝ ցանցի ներդրման հետ կապված խոսակցությունները երկրորդ պլան մղելու համար։ 

– Ու կարծես, ստացվում է, չէ՞, պարո՛ն Պիպոյան։

– Այո՛, տեխնոլոգիան կիրառված է, դրա համար եմ ասում, երբ մենք էլ՝ ես, դուք՝ որպես լրագրող, մնացած մեդիահամայնքը, շեշտադրումը դրեց այս ուղղությամբ, իրենք հաղթել են արդեն, իրենց խնդիրն ի՞նչն է՝  ցանցը թողնես, ուրիշ խնդրից խոսես։ 

– Այսինքն՝ նաև մե՞ր խնդիրը պետք է լինի մարդկանց ճիշտ ուղղորդել դեպի իրական խնդիրը։

– Այո՛, պարբերաբար պետք է անենք դա, ոչ թե շատ շուտ մենք այդ թեմայով զրուցել ենք, հիմա էլ չանդրադառնանք։ Մարդկանց պետք է անընդհատ ինֆորմացնենք։ Եթե մեր գործառույթը մենք ճշգրիտ չարեցինք, ապա միանշանակ կարողանալու են մանիպուլացնել մարդկանց, բայց եթե կարողանանք ճիշտ անել, չեն հաջողի։

– Պարո՛ն Պիպոյան, իսկ ըստ ձեզ՝ ինչո՞ւ ընդդիմադիր ավագանիները հենց ձեր ասած շեշտադրմամբ չեն անում իրենց պայքարը։

– Չեմ կարող ասել, բայց չեմ էլ ասում, որ սխալ են անում, որ ասում են՝ թող 100 դրամ լինի, բայց «100 դրամ թող լինի»-ն հարցի լուծում չէ։ Առաջին անգամ այս վճարման համակարգի ձևերի, մեխանիզմների մասին այսօր ես եմ խոսել։ Որ պետք է չթանկանա, ես էլ եմ ասում, բայց ես ասում եմ՝ պետք է չթանկանա ոչ թե այսօրվա տարբերակով, օրինակ՝ ասեմ ինքնարժեքը թանկ է, տրանսպորտը չթանկացնեն, ում ինչքան փող ուզեն տան, այլ պետք է ունենանք օպտիմալ տրանսպորտային համակարգ, որ այն փողը, որ հավաքվում է, ոչ թե մանկապարտեզի  համար նախատեսված ֆոնդից վերցնեն տան տրանսպորտին, այլ մանկապարտեզի ֆոնդն էլ ծառայի մանկապարտեզի ֆոնդին։ Չթանկացնենք, ոչ թե որովհետև քաղաքացին փող չունի, այլ չթանկացնենք, որովհետև հիմքը չկա։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Քաղաքապետարանն իրականում փիար գործիք է կիրառում հանրության ուշադրությունը իրական խնդրից շեղելու համար. Բաբկեն Պիպոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net