Դատախազությունն ընթացք է տվել «Ականատես» դիտորդական առաքելության նամակին. Factor

2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպքի կապակցությամբ Գլխավոր դատախազություն ներկայացված բաց նամակին ընթացք է տրվել։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան տեղեկացրին գերատեսչությունից։

Հիշեցնենք՝ դիտորդական կազմակերպությունը օրերս հրապարակած բաց նամակում հայտարարել էր, որ 2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում «Ականատես»-ը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ի թիվս այլ խնդիրների, արձանագրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք. «Նախընտրական շրջանում գովազդային կազմակերպության միջոցով հավաքագրվել էին երիտասարդներ՝ մեկ ժամը 1000 դրամ գումարի դիմաց Տիգրան Ավինյանի քարոզչական քայլերթին մասնակցելու նպատակով։

Դիտորդական առաքելությունն արձանագրել էր փաստական տվյալներ (նամակագրություն, ձայնագրություններ և այլն), որոնք առերևույթ պարունակում էին հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հանցակազմի հատկանիշներ (ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մաս)։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ»։

Սակայն, կազմակերպության գնահատմամբ, քրեական վարույթի հարուցման նախնական քննությունը չի ընթանում արդյունավետ կերպով, ինչի պատճառով «Ականատես»-ը նամակ էր ներկայացրել Գլխավոր դատախազությանը՝ հորդորելով արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն։

The post Դատախազությունն ընթացք է տվել «Ականատես» դիտորդական առաքելության նամակին. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net