Հրաձիգները թիմային պայքարում մեդալներ են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում
ISSF Grand Prix միջազգային մրցաշարում ունենք 2-րդ ոսկին։ Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում մրցելով Չեխիայի թիմի հետ 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում են Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիայից։
«Այս մրցաձևում բրոնզե մեդալի համար պայքարեց ու հաղթեց մեր 2րդ թիմը։ Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան թիմային զույգը 574 (288/286) միավոր արդյունքով 3րդ հորիզոնականով դուրս եկավ բրոնզե եզրափակիչ։ Եզրափակչում մերոնք 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին կանգնեցին պատվո հարթակի 3րդ աստիճանին։
Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաև Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում, 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38րդ հորիզոնականը»,- հայտնել են ֆեդերացիայից։
Այսպիսով՝ ISSF Grand Prix2024 միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ` (Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան)) և մեկական արծաթե և բրոնզե մեդալներ (Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան) և Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան) համապատասխանաբար)։