«Փյունիկը» բրազիլացի, պորտուգալացի ու ուկրաինացի նոր ֆուտբոլիստներ ունի

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը երեք նորեկ ունի։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Պարեդեսի հետ։

Ժոաուն պորտուգալական հեղինակավոր «Սպորտինգի» ակադեմիայի սան է: Մինչև 2012 թվականը, Պարեդեսը հանդես է եկել «Սպորտինգի» տարբեր տարիքային խմբերում՝ հասնելով մինչև 17 տարեկանների թիմին: Ժոաուն մինչև «Փյունիկ» տեղափոխվելը ելույթներ է ունեցել բացառապես Պորտուգալիայում: Պորտուգալիայի երկրորդ լիգայում Պարեդեսը խաղադաշտ է դուրս եկել 73 անգամ և դարձել 2 գոլի հեղինակ: Տպավորիչ է Ժոաուի վիճակագրությունը Պորտուգալիայի գլխավոր գավաթի խաղարկությունում, որտեղ, ընդհանուր առմամբ, նա մասնակցել է 11 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ:

Ակումբը պայմանագիր է կնքել նաև 31-ամյա ուկրաինացի հարձակվող Վլադիսլավ Կուլաչի հետ:

Կուլաչը կարիերայի սկզբում հանդես է եկել Դոնեցկի «Օլիմպիկ» թիմում: 2010 թվականին Ուկրաինայի ամենահեղինակավոր ակումբը` Դոնեցկի «Շախտյորը», ձեռք է բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Այնուհետև, 31-ամյա հարձակվողը վարձակալական հիմունքներով 9 տարի շարունակ հանդես է եկել թուրքական, հունգարական ու ուկրաինական տարբեր թիմերում: Ներքին առաջնության հեղինակավոր թիմերից Կուլաչը խաղացել է Լուգանսկի «Զարյայում», «Ալեքսանդրիայում» և «Վորսկլայում»: Ուկրաինացին հանդես է եկել նաև թուրքական «Էսկիշեհիրսպորում» և հունգարական «Գոնվեդում»:

2020 թվականին Կուլաչը ազատ գործակալի կարգավիճակում միացել է հայրենի երկրի «Վորսկլա» ակումբին, որի կազմում անցկացրած 78 խաղում դարձել է 33 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: Կուլաչի կարիերայում պետք է առանձնացնել 2020/21 մրցաշրջանը, որի արդյունքներով նա դարձել է Ուկրաինայի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու՝ 15 գոլով:

Վլադիսլավը «Վորսկլայի» կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Եվրոպա լիգայի խմբային փուլում՝ գրավելով Լիսաբոնի «Սպորտինգի» և ադրբեջանական «Քարաբաղի» դարպասը:

2021 թվականից Կուլաչը 2 տարի հանդես է եկել Կիևի «Դինամոյում», որը մարզում էր Միրչա Լուչեսկուն: Վլադիսլավը 8 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի երիտասարդական հավաքականում և դարձել 3 գոլի հեղինակ: Կուլաչն արդեն հատել է կարիերայի 200 հանդիպման շեմը, իր անվան դիմաց գրանցել 56 գոլ ու 13 արդյունավետ փոխանցում:

Բացի այդ, «Փյունիկը» պայմանագիր է կնքել նաև 31-ամյա բրազիլացի պաշտպան Ալեմաոյի հետ:

Ալեմաոյի նախորդ ակումբը եղել է «Արարատ-Արմենիան», որտեղ նա հանդես է եկել 2020 թվականից. մասնակցելով 119 հանդիպման պաշտպանը դարձել է 10 գոլի և 11 արդյունավետ փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը նվաճեց իր կարիերայի առաջին տիտղոսը՝ «Արարատ-Արմենիայի» հետ դառնալով Հայաստանի գավաթակիր:

Ալեմաոն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենի երկրի «Սաո Կառլոսում», որից հետո կարիերան շարունակել է պորտուգալական ակումբներում: Բրազիլացին հանդես է եկել «Տուրիզենսեում», «Մարիտիմոյի» երկրորդ թիմում, «Լեյշոէշում» և «Օլիվեյրենսեում»: Պորտուգալիայի 2-րդ լիգայում Ալեմաոն անցկացրել է 171 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Բացի դրանից, 31-ամյա ֆուտբոլիստը 20 հանդիպման է մասնակցել Պորտուգալիայի գավաթի, ինչպես նաև լիգայի գավաթի խաղարկություններում:

Ալեմաոն Հայաստանի գործող գավաթակրի կազմում մասնակցել է 10 եվրագավաթային հանդիպման: Նախորդ մրցաշրջանում «Էգնատիայի» հետ խաղում բրազիլացին բացել էր գոլերի հաշիվը եվրոպական մրցաշարերում:

Читайте на 123ru.net