World News

Վարչապետի խորհրդական նշանակված Լևոն Արոնյանի կինը խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերում

Շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիաննե Կաոիլիին Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական է նշանակվել հասարակական հիմունքներով:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նշվում է, որ Արիաննե Կաոիլիին կառավարման և բիզնես խորհրդատվության մասնագետ է: Նա աշխատանքային փորձ ունի ֆինանսների, կառավարչական, գյուղատնտեսական և հանքարդյունաբերական ոլորտներում: Որպես խորհրդատու՝ նա ընդգրկված է եղել Ավստրալիայի կառավարության կողմից իրականացվող մի շարք ծրագրերում, ինչպես նաև Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (Asia Pacific Economic Cooperation (APEC)) բիզնես խորհրդատվական խմբում:

Վերջին տարիներին բնակվելով Հայաստանում՝ նա ակտիվ գործունեություն է իրականացրել հանրային, քաղաքացիական հասարակության և այլ ոլորտներում:

Ունենալով հասարակական և մասնավոր ոլորտներում աշխատանքի նշանակալի փորձ՝ Արիաննե Կաոիլիին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման, միջազգային ֆինանսական և առևտրային կառույցների հետ համագործակցության և մի շարք այլ բնագավառներում:

Читайте на сайте