World News

Թուրքիայի ֆինանսների նախարարը փորձել է հարձակվել Կարո Փայլանի վրա

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում կրկին հարձակման է ենթարկվել իշխանական կուսակցության ներկայացուցիչների կողմից, այս մասին տեղեկացնում է թուրքական demokrathaber.org կայքը:

Հայազգի պատգամավորն իր ելույթի ժամանակ կոչ է արել Թուրքիայի ֆինանսների նախարար Նաջի Աղբալին հատուկ ուսումնասիրություն սկսել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքի անդամների՝ Մեն կղզում օֆշորային ընկերությունների հետ կապի վերաբերյալ:

Դրան ի պատասխան բարկացած նախարարը փորձել է վիրավորել Փայլանին. «Դուք երևի վերջին մարդն եք, ումից պետք է բարոյականության դաս առնենք, սակայն դա էլ չեք: Սա հատուկ ուզում եմ շեշտել. դու այս խորհրդարանում նույնիսկ ամենավերջին մարդն էլ չես»:

«Ամբարտավանություն չանե՛ս», - զգուշացրել է Փայլանը թուրք նախարարին, ինչին ի պատասխան վերջինս տեղից վեր է կացել ու քայլել Փայլանի ուղղությամբ՝ փորձելով հարձակվել նրա վրա: Վեճին խառնվել են նաև այլ պատգամավորներ:

Լարվածության պատճառով խորհրդարանի նիստը ստիպված են եղել ընդհատել:

Читайте на сайте