World News

Մի քանի տասնյակ քաղաքացիներ «Ես եմ» ծրագրում ընդգրկվելու դիմումներ են ներկայացրել Վ. Սարգսյան (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

«Նախագծի նպատակն է ապահովել զինվորական ծառայության ու ծառայողի կարգավիճակի մասին ՀՀ օրենքով ամրագրված «Ես եմ» ծրագրի կիրառման գործընթացը: Նախատեսվում են ՀՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների դիմումների ներկայացման, զորակոչի կազմակերպման, նրանց հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրի կնքման հետ կապված հարաբերությունները, պայմանագրի ձևը, զինծառայողների դրամական ապահովության չափերն ու իրային ապահովության չափաքանակները»,-ասաց նա:

Պաշտպանության նախարարն ասաց, որ արդեն ձմեռային զորակոչի ժամանակ, ինչպես պլանավորվել էր, ներդրվել է «Ես եմ» ծրագրի կիրառումը: «Այս պահին մի քանի տասնյակ քաղաքացիներ ներկայացրել են դիմումներ, հետաքրքրվածություն ծրագրի մեջ ընդգրկվելու, վստահ եմ, որ այս որոշումն ընդունելուց հետո, որովհետև շատերը հարցնում են, թե որտեղ է ֆիքսված գումարը, որ պետք է ստանան, պայմանները, որոնցով պայմանագիրը կարող է չեղյալ ճանաչվել, զինկոմիսարիատների աշխատանքի շնորհիվ այս թիվը կաճի»,-ասաց նա:

Նա նկատեց, որ պետք է հաշվի առնել, որ առաջին անգամ է սա արվում և համարում է, որ 100 զինծառայողի ներգրավումը այս ծրագրին արդեն լավ արդյունք կլինի:

Читайте на сайте