Սաուդյան Արաբիայում ձերբակալել են կանացի զգեստ կրող տղամարդու
Սաուդյան Արաբիայում Մեքքայի ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որում նա կանացի զգեստ է կրում և հարսանիք բեմադրում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Մեքքայի ոստիկանության մամուլի ծառայությանը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերի 29-ին տոնակատարությանը հրավիրված հյուրերից մեկը տեղեկացրել է ոստիկանությանը տեղի ունեցածի մասին:
Ականատեսի խոսքով՝ հանդիսության ժամանակ հանկարծ երիտասարդներ են հայտնվել, որոնցից մեկը կանացի հագուստ է կրել: Այնուհետև նրանք հարսանիք են բեմադրել:
«Կնոջ նմանվող երիտասարդին և նրա ուղեկիցներին ձերբակալել են, պարզել նրանց ինքնությունը և գործն ուղարկել գլխավոր դատախազություն՝ խափանման միջոցը որոշելու համար», - նշել է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ ձերբակալվածի դեմ ներկայացված հստակ մեղադրանքները չեն բացահայտվում: