Որևէ երկրում, որևէ մեկը չի կարող պետական ինստիտուտներ բերել կասկածելի նյութեր և իրեր .Նատալյա Լափաուրի
Որևէ երկրում որևէ մարդ, լինի ավագանու անդամ, քաղաքացի, չի կարող անպատիժ ինչ-որ, կասկածելի նյութեր բերել որևէ պետական ինստիտուտ, այս թվում՝ քաղաքապետարան:
Tert.am –ի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին:
«Գործելաոճը, որն այսօր հատկապես դրսևորվեց, առհասարակ անընդունելի էր: Կարծում ենք, որ ավագանու ինստիտուտի՝ ընտրովի մարմնի հեղինակազրկման ուղղված քայլերից մեկն էր, որովհետև կարծում ենք, որ ավագանու նիստն այն հարթակն է, որտեղ պետք է բոլոր քաղաքական ուժերն իրենց դիրքորոշումները հայտնեն, մասնագիտական քննարկումներ անեն՝ ելնելով բնակիչների շահերից: Եվ կարծում եմ, բոլոր հնարավորությունները ստեղծված են, որպեսզի մենք կարողանանք բոլոր խնդիրներին անդառնալ, քննարկումներ ծավալելու միջոցով հասնել խնդիրների ամենաօպտիմալ լուծմանը»,-ասաց Նատալյա Լափաուրին:
Դիտարկմանը, թե այսկերպ ԵԾԿ խմբակցության անդամները ուզում էին ՀՀԿ խմբակցության և քաղաքային իշխանությունների ուշադրությունը սևեռել ամեն օր այդ օդը շնչող Նուբարաշեն համայնքի բնակիչների խնդիրների վրա, ՀՀԿ ավագանու անդամն ասաց. «Բնակիչներն, այո, խնդիր ունեն, և մենք գտնում ենք, որ բոլոր խնդիրները, որոնք որ կան,արձանագրված են, և այդ ձևով ուշադրություն հրավիրելը առնվազն սադրիչ գործողություն էր: Եվ այս ուղղությամբ տեղի է ունենում աշխատանքային գործընթաց, և այն ձևը, որով իրենք են այդ ուշադրությունը հրավիրում, բացարձակապես որևէ արդյունք չի տալու: Այսինքն ի՞նչ, այդ բաժակը, որ բերեցին, դրեցին, սա էլ շատ մեղմ եմ ասում, էդ գործողությունով Նուբարաշենի ջուրը մաքրվե՞ց»։
Նատալյա Լափաուրին նշեց, որ, այսպիսով, միայն խարխլեցին ժողովրդի կողմից ընտրված մարմնի սահմանադրականությունը:
Հարցին, թե ՀՀԿ խմբակցության ավագանու կողմից անմիջապես նման կոշտ արձագանքի պատճառն ի՞նչն էր, վախենում էին, որ այդ լուծույթով կցողեն իրենց, վերջինս պատասխանեց. «Անկեղծ ասած, ոչ ոք չգիտեր, որ դա ջուր է, որովհետև ինքը շատ պղտոր ու շատ սուր հոտ ունեցող, որովհետև իրենք էլ իրենց ելույթում ասացին, որ դա նյութ է, իրենք ջուր բառ չեն օգտագործել ու ակամայից տպավորությունն է, որ այդ տարան ուղիղ գնում է դեպի քաղաքային իշխանություն: Այստեղ միգուցե կարող էր լինել քաղաքապետը, մեկ այլ մարդ, այսինքն՝ սա ակնհայտ դիվերսիոն գործելակերպ է:
Նատալյա Լափաուրին հավելեց, որ հենց այս տարայի միջի պարունակության անհայտ լինելն էր պատճառը, որ ՀՀԿ խմբակցության անդամները դիմեցին այդ քայլերին։
«Նստած տեղը չգիտես՝ ինչ նյութ ա, ինչ կարող է լինի, ինչ կարող է լինի այս օգտագործման արդյունքում»,-հավելեց ավագանին։
Ի վերջո, նա նշեց, որ եթե նման սադրանքների դիմելու խնդիր չկար, ԵԾԿ-ն կարող էր բերել, բացել այդ տարաները, այդ գարշահոտությունը տարածել, ոչ թե բերել և դրանք դնել ուղիղ քաղաքային իշխանության դիմաց: