World News

Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (թարմացվում է)

18.38


Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ են գործադրել, ինչի հետևանքով պատռվել է իր վերարկուն: Նա նշեց, որ իրենք պահանջելու են իր խոսքով հանցագործների դուրսմղում թե՛ ավագանու, թե՛ պետական համակարգից: Հարցին, թե ինչքան է շարունակվելու բողոքի ակցիան, նա ասաց.«Պետք է հասկանանք, հաջորդ քայլը որն է որովհետև սա ինքնաբուխ հավաք էր, որպես այդպիսին, մտահոգ քաղաքացիները հավաքվել էին տեսնելով ավագանու նիստի նկարահանումը և պետք է մտածենք հաջորդ քայլը որն է լինելու:



18.29

Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան նաև քաղաքապետարանի մյուս մուտքի մոտ: Այստեղ ևս ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ինչից հետո քաղաքացիները վանկարկեցին՝ ոստիկանապետարան: Այնուհետև ոստիկանները տարածքից հեռացան։

 
18.22


Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիները շարժվեցին դեպի քաղաքապետարանի մյուս՝ քաղաքացիների ընդունելության մուտքը: Այստեղ նրանք շարունակում են վանկարկել «բռնապետարան», բռունցքներով հարվածելով դռներին:


18.11


Երևանի քաղաքապետարանից ոստիկանները ուժով դուրս հրավիրեցին բողոքի ակցիա իրականացնողներին: Այս պահին նրանք շարունակում են բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, սուլոցներով և վանկարկումներով՝ «Տարոնի ստրուկներ», «Քաղաքապետքարան»:

–––––––––––

Երևանի ավագանու նիստերի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են սկսել:

Նրանք համոզված են, որ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու: Ցուցարարները բարձրաձայն վանկարկումներով մտան Երևանի քաղաքապետարանի շենք՝ բղավելով «բռնապետարան»:

Այս պահին բողոքի մասնակիցները քաղաքապետարանի ընդունարանում են:  Տեղի է ունենում ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ:

Читайте на сайте