Փհենչհան-2018. Նախարար Ռոստոմյանն անդրադարձել է լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդրին
Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը հայտնվել է տհաճ իրավիճակում:
Նման հրապարակում է կատարել «Yerkir.am»-ը` հղում անելով իր աղբյուրներին:
Մասնավորապես, նշվում է, որ մինչ այս պահը լեռնադահուկորդը մարզմանը չի մասնակցել, վազքուղին չի փորձարկել, քանի որ մարզիկին դահուկային գույք չեն տրամադրել, իսկ նրա մարզահագուստի վրա առկա չէ «Հայաստան» նշումը:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պատճառաբանել են, որ նախատեսված ժամկետից ուշ են ստացել մարզիկի անունը, այդ իսկ պատճառով մարզահագուստի վրա համապատասխան նշումներն արված չեն:
Նախապես չի պատվիրվել նաև դահուկորդի մարզագույքը: Աղբյուրը գրում է, որ Աշոտ Կարապետյանն իր վարկանիշային միավորները հավաքել էր դեռևս հունվարի 21-ին, այսինքն Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան լեռնադահուկորդի անունը կարող էր ուղարկել օլիմպիական խաղերի մեկնարկից դեռ 19 օր առաջ: Սակայն չի արել:
Պատճառը գուցե կարող է լինել այն, որ օլիմպիական խաղերից առաջ խոսակցություներ կային, որ Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը նպատակադրվել է իր որդուն՝ լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին ուղարկել Փհենչան, սակայն նրան չի հաջողվել ձեռք բերել համապատասխան վարկանիշ:
Այս պահին, թերևս, կարևոր է լուծել Աշոտ Կարապետյանի խնդիրը, որպեսզի նա կարողանա պատվով ներկայացնել երկիրը օլիմպիական խաղերում: «VERELQ»-ի հետ զրույցում ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրել է, որ խնդիրը լուծված է և անհանգստանալ պետք չէ.
«Հավաստիացնում եմ, որ խնդիրը լուծված է, Աշոտ Կարապետյանն ունի անհրաժեշտ գույքը և ելույթ կունենա ըստ նախատեսվածի»,- ասել է նախարարը:
Մնացած հարցերին, թե ովքե՞ր են պատասխանատու նման իրավիճակի համար և ի՞նչ պատիժ կկրեն, նախարարը թողեց առանց մեկնաբանության՝ նշելով, որ այս պահին կարևորը մեր մարզիկի հաջողություններն են, որոնց ճանապարհին խոչընդոտները վերացված են:
Աղբյուրի տեղեկություններով, հենց Հրաչյա Ռոստոմյանի միջամտության արդյունքում դահուկորդի ընտրությունն ապահովվել է արդար ճանապարհով:
Աշոտ Կարապետյանի առաջին ելույթը նախատեսված է փետրվարի 18-ին: