Քուրդ գործիչ Սալիհ Մուսլիմը Աֆրինի հարցով մեկնել է Բրյուսել
Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) համանախագահ Սալիհ Մուսլիմը մեկնել է Բրյուսել, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հայտնի է, որ Մուսլիմի՝ բրյուսելյան հանդիպումների օրակարգը սիրիական Աֆրինի թեմայով է, որտեղ արդեն երրորդ շաբաթն է, ինչ լայնածավալ ռազմական գործողություն է ծավալում թուրքական ԶՈւ-ն: Թե ում հետ է հանդիպելու Մուսլիմը Բելգիայում ՝ չի մանրամասնվում:
Օրերս քուրդ առաջնորդը ընդգրկվել է Թուրքիայում առանձնակի վտանգավոր ահաբեկիչների «Կարմիր ցուցակում»:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ: