Պահանջում ենք ազատել ավագանին կանանց ծեծի և սեռական բռնության ենթարկող իշխանական տղամարդկանցից և պատասխանատվության ենթարկել նրանց. բողոքի ակցիա (թարմացված, տեսանյութ)
19.20
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները ավարտեցին ակցիան՝ հանդես գալով հայտարարությամբ, որում, մասնավորապես ասված է.
«Մենք՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաքվածներս, որևէ այլ ելք չենք գտնում, քան գալ և պահանջել ազատել ավագանին այսօր ավագանու ընդդիմադիր կանանց վրա հարձակվող ծեծի և սեռական ոտնձգության ենթարկող իշխանական տղամարդկանցից և քրեական պատասխանատվության ենթարկել նման հանցագործներին:
Այսօր ժամը 17:00-ից 18:30-ի սահմաններում մենք գրավեցինք քաղաքապետարանի գլխավոր, ինչպես նաև Երևան քաղաքի պատմության թանգարանի մուտքը` պահանջելով վերոնշյալը, ինչի արդյունքում մեր նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ ոստիկանների կողմից և մի քանիսս կրեցին մարմնական և նյութական վնասներ, ուստի սույն հայտարարությունը նաև հաղորդում է հանցագործության մասին:
Այսպիսով` մենք փաստում ենք, որ կանանց նկատմամբ ճնշումը և բռնությունը համատարած և համակարգային բնույթ է կրում և այսօր տեղի ունեցան միջադեպերը դրանց մի մասն են կազմում, մեր պայքարը նոր չի սկսվել և չի ավարտվելու այսօր»:
18.57
Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանը, «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսելով բողոքի ակցիայի նպատակների մասին, ասաց.«Քաղաքացիներով եկել էինք, որ մեր վրդովմունքը արատահայտեինք և ասեինք, որ դա ընդունելի չէ, նույն ձևով ոստիկանները հավաքվեցին շատ ավելի քան մենք էինք և սկսեցին բրդել մեզ դուրս ՝չթողնելով մեր պահանջները մենք երկայացնենք: Սա, ինձ թվում է, արդեն վաղուց շարունակական երևույթ է` կոտրելու քաղաքացիներին, որպեսզի իրենց իրավունքներից չխոսեն»,-ասաց նա:
Նա նշեց, որ բռնարար վերաբերմունքը խրախուսվում է թե՛ քաղաքապետարանում, թե՛ երկրի ներսում:
18.38
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ են գործադրել, ինչի հետևանքով պատռվել է իր վերարկուն: Նա նշեց, որ իրենք պահանջելու են իր խոսքով հանցագործների դուրսմղում թե՛ ավագանու, թե՛ պետական համակարգից: Հարցին, թե ինչքան է շարունակվելու բողոքի ակցիան, նա ասաց.«Պետք է հասկանանք, հաջորդ քայլը որն է որովհետև սա ինքնաբուխ հավաք էր, որպես այդպիսին, մտահոգ քաղաքացիները հավաքվել էին տեսնելով ավագանու նիստի նկարահանումը և պետք է մտածենք հաջորդ քայլը որն է լինելու:
18.29
Ոստիկանները բողոքի ակցիայի մասնակիցների հետ մոտեցան նաև քաղաքապետարանի մյուս մուտքին: Այստեղ ևս ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ինչից հետո քաղաքացիները վանկարկեցին՝ ոստիկանապետարան: Այնուհետև ոստիկանները տարածքից հեռացան։
18.22
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիները շարժվեցին դեպի քաղաքապետարանի մյուս՝ քաղաքացիների ընդունելության մուտքը: Այստեղ նրանք շարունակում են վանկարկել «բռնապետարան», բռունցքներով հարվածելով դռներին:
18.11
Երևանի քաղաքապետարանից ոստիկանները ուժով դուրս հրավիրեցին բողոքի ակցիա իրականացնողներին: Այս պահին նրանք շարունակում են բողոքի ակցիան քաղաքապետարանի դիմաց, սուլոցներով և վանկարկումներով՝ «Տարոնի ստրուկներ», «Քաղաքապետքարան»:
–––––––––––
Երևանի ավագանու նիստերի ժամանակ այսօր տեղի ունեցած ծեծկռտուքից հետո մի շարք քաղաքացիներ «Բռնությունը չունի արդարացում» և այլ պաստառներով Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են սկսել:
Նրանք համոզված են, որ որևէ մեկը իրավունք չունի բռնություն գործադրելու: Ցուցարարները բարձրաձայն վանկարկումներով մտան Երևանի քաղաքապետարանի շենք՝ բղավելով «բռնապետարան»:
Այս պահին բողոքի մասնակիցները քաղաքապետարանի ընդունարանում են: Տեղի է ունենում ոստիկանների ու բողոքի ակցիայի մասնակիցների միջև քաշքշուկ: