World News

Մոմի վաճառքի մասին խոսում են նրանք, ովքեր ուզում են, որ հայ եկեղեցին սնանկանա. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Tert.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնում է եկեղեցին հարկելու անհրաժեշտության մասին կարծիքներին, նոր օրենսդրական փաթեթներին, որոնք, ըստ մի շարք իրավապաշտպանների, Հայ առաքելական եկեղեցուն տալիս են արտոնյալ կարգավիճակ:

-Սրբազա՛ն, ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել եկեղեցին հարկելու մասին, և նաև այլ առումով այսօր իրավապաշտպանները հայտարարում են, որ Հայ առաքելական եկեղեցին մոնոպոլ կարգավիճակում է, քանի որ այն սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ, ի դեպ, բավականին կոշտ գործիքներով:

-Չկա նման բան: Նախ, եկեղեցին իր հարկերը վճարում է: Ինչ հարկ որ նախատեսված է, վճարում է:

-Խոսքի մոմի վաճառքի մասին է:

-Այս մասին խոսում են նրանք, ովքեր ուզում են, որ հայ եկեղեցին սնանկանա: Բայց հայ եկեղեցին չի սնանկանալու: Թող թեթև տանեն:

-Ընդդիմախոսներն ասում են՝ եկեղեցական ծեսեր,  կնունք, պատարագ և այլն, ունեն իրենց պրեսկուրանտները: Ուրեմն ինչո՞ւ հարկեր չվճարել, Սրբազա՛ն:

-Ինչու Դուք համաձա՞յն եք, որ կա պրեսկուրանտ: Նման բան չկա, սիրելիս, հայ եկեղեցականը 1700 տարի է՝ ապրում է ժողովրդի նվիրատվություններով: Նվիրատվությունները չեն հարկվում:

-Դժգոհություններ են հնչում Արդարադատության նախարարության շրջանառության մեջ դրած նախագծից, որով առաջարկվում  է 300 հազար դրամից մինչև 2 տարվա կալանք սահմանել «հարկադիր դավանափոխության» համար՝ դա սահմանելով հետևյալ կերպ. «դավանանք կամ համոզմունք ընդունելուն կամ դրանից հրաժարվելուն հարկադրելը նյութական կամ սոցիալական առավելության տրամադրելով կամ խոստանալով, կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելով կամ դրանց գործադրման սպառնալիքով, կամ խաբեությամբ կամ անձի կախվածությունը օգտագործելով, ինչպես նաև կրոնական ուսմունքների ու դավանանքի հանդեպ դիտավորությամբ ատելություն սերմանելով»: Սրբազա՛ն, մի կողմից Հայաստանը ԵՄ-ի առաջ պարտավորություններ է ստանձնում, որի դիմաց մեր երկիրը բարեփոխումների համար հսկայական դրամաշնորհներ է ստանում, որի շրջանակներում է նաև համապատասխան օրենսդրության ընդունումը, բայց հիմա, օրինակ, ակնհայտ է, որ խոսքը խստացումների մասին է՝ հոգեորսության հետ կապված:  Ի վերջո, ավելի ազնիվ չէ՞ հենց սկզբից չպարտավորվել:

-Սիրելիս, հոգեորսությունն ընդունելի չէ ոչ մի տեղ և ոչ մի երկրում: Հիմա եթե որևիցե երկիր անտարբեր է հոգեորսության վերաբերյալ, չի նշանակում, որ ընդունում է այս երևույթը: Հոգեորսությունը պատժելի արարք է: Հիմա քրեորեն պատժելի արարք կլինի թե այլ, ամեն դեպքում, հոգեորսությունը ընդունելի չէ:

-Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ բանակում  հարկադիր մկրտություններ են կատարվում: Այս դեպքում, սա էլ կարծես թե պատժելի արարք է:

-Հայ եկեղեցին չի կարող հարկադիր մկրտություն անել, այսինքն՝ որևիցե մեկին բռնությամբ դարձնել Առաքելական եկեղեցու հետևորդ: Դա մեր մեթոդը չէ: Մենք նման բանի հետևից չենք ընկնում: Հնարավոր է՝ բանակում յոթ հոգի որոշել են մկրտվել, ութերորդն էլ, որ  չգիտեմ թե ինչ հոսանքի հետևորդ է, որպեսզի պարսավանքի չարժանանա, ինքն էլ է մկրտվում: Բայց դա չի նշանակում, որ Հայ առաքելական եկեղեցին հարկադրաբար մկրտում է: Բռնի մկրտությունն անվավեր բան է, բռնի մկրտություն՝ նշանակում է մարդը մկրտված չէ:

-Աստծու՞ առաջ:

-Հենց եկեղեցական մտածողության առաջ:  Ամեն ինչ պետք է լինի կամավոր հիմունքներով, ոչ թե շահադիտական, ոչ թե հրապուրանքներով, ոչ թե մարդու նյութականը շահագործելով: Կամ մարդու մտավորի ու հոգեվիճակի վրա ազդելով: Իսկ հոգեորսությունը շատ պարզ է: Մի անգամ ասել էի՝ եթե իրենք հոգեորսությամբ չեն զբաղվում, ինչու՞մն է խնդիրը՝ կա թե չկա հոգեորսության մասին օրենք, թե ոչ: Մենք, օրինակ, չենք զբաղվում հոգեորսությամբ, դրա մեջ պրոբլեմ չենք տեսնում: Դուք տեսե՞լ եք, որ Հայ առաքելական եկեղեցու որևիցե հոգևորական  գնացել է ուրիշների մոտ քարոզե՞լ է, թե եկեք դարձի… եզդիների մոտ, մալականների մեջ եղե՞լ է, գնանք քարոզենք, փորձենք մալականներին դարձի բերել, ասենք, գիտեք ինչ՝ հայ լինելն ավելի լավ բան է, էս էս առավելությունները կան… Հոգեորսությունը ցանկացած մեկի կողմից անընդունելի է:

-Ասացիք՝ միգուցե 8-րդն էլ, չուզենալով պարսավանքի ենթարկվել, մկրտվում է: Իսկ ինչու՞ պետք է պարսավանքի ենթարկվի.  ի վերջո, կա կրոնի և դավանանքի ազատություն:

-Սիրելի՛ս, եթե ես հիմա հանկարծ որոշեմ մահմեդական դառնալ, Դուք ինձ պարսավանքի չե՞ք ենթարկի: Ես հիմա, եթե 55 տարեկան հասակում, եպիսկոպոս վիճակում ուզենամ մահմեդական դառնալ, ուրեմն  հասարակությունն ինձ չպիտի՞ պարսավի: Հասարակությանն ուզում եք մղել բացարձակ անտարբերությա՞ն, կամ հասարակությունը որևէ կարծիք որևիցե երևույթի մասին պիտի չունենա՞:

-Պոլսո պատրիարքարանում զարգացումների վերաբերյալ: Մասնավորապես, որ Աթեշյանը մնաց…

-Չգիտեմ, ինձ իրավասու չեմ համարում այս գնահատականը հնչեցնել: Իրավիճակը բոլորովին դրական չէ, ո՛չ առաջ, ո՛չ հիմա:

Читайте на сайте