Ստամբուլի նահանգապետարանն արգելակեց ստամբուլահայ համայնքի ընտրության գործընթացը. թուրքական կայք
Թուրքական diken.com.tr կայքն անդրադարձել է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերանշանակմանն ու Գարեգին Բեկչյանի հրաժարականին:
«Ստամբուլի նահանգապետարանի կողմից «այսպես կոչված տեղապահ» անվանված Բեկչյանը լքեց Թուրքիան», գրում է կայքը՝ նկատելով, որ ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն անպատասխան է թողել Բեկչյանի՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններն անհապաղ կազմակերպելու առնչությամբ նամակ-դիմումները: Կայքը հոդվածում նաև ընդգծել է, որ Ստամբուլի նահանգապետարանը խոչընդոտել է հայ համայնքի կողմից արդեն իսկ սկսված ընտրական գործընթացին:
Կայքը շեշտում է, որ Բեկչյանը լքել է Թուրքիան պետության՝ ընտրական գործընթացին միջամտությունից հետո: Հոդվածում մեջբերվել է Բեկչյանի հրաժեշտի նամակի այն խոսքերը, որոնցով նա պատմել է արդար ու թափանցիկ ընտրության անցկացմանը խոչընդոտող հանգամանքների մասին ու ավելացրել, որ դրանք չափից դուրս ցավեցնող ու վիրավորական են եղել իր համար:
diken.com.tr-ը նաև շեշտել է, որ Աթեշյանը հենց պետության աջակցությունը վայելող թեկնածու էր, որն էլ ի վերջո վերադարձավ այն պաշտոնին, որից հեռացել էր հայ համայնքի ճնշման տակ:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի կողմից հրավիրված արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը: