World News

Մեքսիկայում ընտրություններից առաջ պայքար է սկսվել կեղծ նորությունների դեմ

Մեքսիկայի խոշոր լրատվամիջոցներն ու քաղաքացիական կազմակերպությունները սկսել են պայքարել ապատեղեկատվության դեմ՝ օգտագործելով հատուկ հեշթեգ ու ստուգելով մատուցված տեղեկատվությունը համացանցի միջոցով:

Ինչպես փոխանցում է Telesur հեռուստաալիքը, նախաձեռնությանը մասնակցում են խոշոր ԶԼՄ-ներ ու կազմակերպություններ՝ AJ+Spanish-ը, The Huffington Post-ը, El Universal-ը և այլն։ Վերջիններս առաջարկում են կիրառել #Verificado2018 (Ստուգված է) հեշթեգն այն նորությունների հրապարակումներում, որտեղ օգտագործվել է ճշտված ու հավաստի տեղեկատվություն:

Նման կերպ ակցիայի մասնակիցները ցանկանում են կանխել կեղծ տեղեկությունների տարածումը երկրում հուլիսի 1-ին կայանալիք ընտրություններից առաջ:

Նշենք, որ այս տարվա հուլիսին Մեքսիկայում համընդհանուր ընտրությունների միջոցով պետք է ընտրվի երկրի նախագահ, Կոնգրեսի 500 պատգամավոր ու Սենատի 128 անդամ:

«Կեղծ տեղեկատվության դեմ պայքարը պահանջում է բոլորի մասնակցությունը՝ տեխնոլոգիական ընկերությունների, մեդիայի, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության»,- հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Լուիս դե Ուրիարը:

Читайте на сайте