World News

Գերմանիայի անվտանգության ուժերը պատրաստվածության են բերվել թուրքական հաստատությունների վրա հնարավոր հարձակումների առնչությամբ

Գերմանիայի անվտանգության ուժերը պատրաստվածության են բերվել՝ Բեռլինում, Շտուտգարտում և այլ քաղաքներում թուրքական հաստատությունների վրա հարձակումների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարությունը՝ նախորդ շաբաթվա վերջին թուրքական մի քանի մզկիթների հրդեհվելու դեպքերից հետո, հաղորդում է Reuters գործակալությունը:


Ոստիկանության հաղորդմամբ՝ նման միջադեպերի շարքը կարող է կապված լինել Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը դեմ հանդես եկող հարյուրավոր մարդկանց ցույցերի հետ:


«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են թեժացնել կրքերը Գերմանիայում ապրող քրդերի շրջանում»,- ասել է նախարարության խոսնակը՝ նշելով, որ թուրքերի և քրդերի միջև լարված հարաբերություններն իրենց դրսևորումն են ունենում նաև Գերմանիայում:


Նախարարությունը կոչ է արել ցուցարարներին խուսափել բռնությունից և հայտարարել է, որ ցուցարարները պետք է պահպանեն Գերմանիայի օրենքները:


«Անվտանգության մարմինները պարբերաբար փոխանակվում են ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությամբ»,- ասել է նա:


Հիշեցնենք, որ Բեռլինի երկու տարբեր շրջաններում թուրքական մզկիթների վրա միաժամանակ կատարված հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորումը: 


Թուրքիայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել Բեռլինում թուրքական երկու մզկիթների ու մեկ մշակութային կենտրոնի վրա հարձակումների հետ կապված։ 

Читайте на сайте