World News

Թուրքիայի ԶՈւ-ն հայտնել է՝ որքան կորուստ է ունեցել թուրքական կողմը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում

Սիրիական Աֆրինում անցկացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակում թուրքական ԶՈւ-ի և Թուրքիային աջակցող ուժերի կորուստները նախօրեին հասել են 168-ի, այս մասին գրում է diken.com.tr-ը՝ հղում անելով թուրքական ԶՈւ-ի գլխավոր շտաբի տարածած հաղորդագրությանը:

Նշվում է, որ մահացածներից 46-ը թուրքական ԶՈւ-ի զինվորականներ են, 116-ը՝ ռազմական գործողության շրջանակում Թուրքիային աջակցող «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման զինյալներ: Ըստ հաղորդագրության՝ 6 քաղաքացիական անձ մահացել է Աֆրինում քրդական խմբավորումների դիրքերից թուրքական Հաթայ նահանգի վրա նետված հրթիռների պատճառով:

Հիշեցնենք, որ Աֆրինի կենտրոնական հիվանդանոցն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական ԶՈւ-ի գործողությունների հետևանքով Աֆրինում մահացած խաղաղ բնակիչների թիվն անցել է 150-ը:

Հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:

Читайте на сайте