World News

Ճանաչել՝ փրկելու համար, սա է կոնցեպտը արցախյան հարցում. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով արցախյան հակամարտության հարցին` նշեց, որ հայկական դիվանագիտությունը գնալով արձանագրում է այն թեզը, թե ճանաչել ինքնորոշման իրավունքը, նշանակում է երաշխիքներ ստեղծել Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար:

«Արցախի որևէ կարգավիճակ, որը կտարբերվի նրա անկախությունից և միջազգայնորեն ճանաչումից, ըստ էության կվտանգի Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը»,-ասաց նա և նկատեց, որ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ Մյունխենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում հենց այս թեզն է դրված:

«Ճանաչել՝ փրկելու համար, սա է կոնցեպտը և կարծում եմ, որ միջազգային հանրությունը կսկսի այս մոտեցումը ընդունել: Սրան նպաստում է Արցախի քաղաքական ղեկավարության հայատյաց, սպառնալից, ռազմական հայտարարությունները»-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Արցախի հարցում բանակցություններ վարելու կարողություններին, ապա Խոսրով Հարությունյանն ասաց, որ որևէ մեկի համար կասկած չի հարուցում, որ Սերժ Սարգսյանը Արցախի հարցում ավելի փորձառու է, քան որևէ մեկը` այդ թվում Կարեն Կարապետյանը: «Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի կարող, միգուցե կարող է, բայց միգուցե չստացվի, ի՞նչ է, էքսպերիմենտնե՞ր անենք»,-ասաց նա և նշեց, որ զարգացման այս փուլում կարևորը ոչ թե վստահել–չվստահելն է, այլ փորձառությունը:

Читайте на сайте