Զենքի վաճառքով զբաղվող երկրների առաջնային մոտիվացիան բիզնեսն է, սակայն այդ ոլորտում չեն կարող չլինել նաև քաղաքական շահեր. Կարեն Վրթանեսյան
Զենք վաճառող երկրների առաջնային մոտիվացիան բիզնեսն է, սակայն դա այնպիսի ոլորտ է, որը չի կարող կապված չլինել նաև քաղաքականության հետ: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է «Ռազմինֆո» լրատվական կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Այս, այսպես ասած, բիզնեսում կիրառվում են թե՛ էմբարգոների գործիքները՝ տնտեսական գործիքներ, թե՛ քաղաքական ճնշումները: Զավեշտալի դեպքեր կան պատմության մեջ: 80-ականներին, երբ Իրանը ԱՄՆ-ի հետ շատ վատ հարաբերությունների մեջ էր, «Իրան-կոնտրաս» հայտնի սկանդալը եղավ` փաստացի զենքի առևտուր կար Իրանի և Միացյալ Նահանգների միջև, էլի երկրներ կային ներգրավված, այսինքն՝ շատ տեղերում բիզնեսը քաղաքական ինչ-որ հակասություններին հաղթում է, և այո, հաճախ այդ զենքը հասնում է, հայտնվում է թշնամու ձեռքում»,-ասել է Կարեն Վրթանեսյանը:
Նա նշել է, որ զենք կա նաև Սիրիայում, որն օգտագործվում է նաև ռուսական զինուժի դեմ՝ Սիրիայի տարածքում: Այսինքն՝ այդպիսի բաները մարդկության պատմության մեջ հաճախ են լինում:
«Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում երրորդ համաշխարհային պատերազմին մոտ մի բան է կատարվում, որտեղ ներգրավված են բոլոր խոշոր խաղացողները՝ Չինաստանից սկսած, Միացյալ Նահանգներով վերջացրած՝ շատ զարմանալի կլիներ, եթե այս իրավիճակում զենքի վաճառքը սկսեր կրճատվել: Բացի այդ, թանկացել է զենքը, այսինքն՝ էլ ավելի թանկ համակարգեր են ստեղծվում: Ժամանակակից մի ինքնաթիռը կարող է մի միջին չափի քաղաքի տարեկան բյուջեից մեծ արժեք ունենալ, օրինակ՝ 100 մլն դոլարից ավելի»,-ասել է «Ռազմինֆո»-ի համակարգողը:
Դիտարկմանը, թե օրինական սահմանափակում կարծես թե չկա, կա բարոյական սահմանափակում զենքի վաճառքի, Կարեն Վրթանեսյանը հակադարձել է: Ըստ նրա լինում են նաև օրինական սահմանափակումներ: «Օրինակ՝ ԵԱՀԿ-ն սահմանափակում է իր անդամ երկրների զենքի վաճառքը, օրինակ՝ հենց արցախյան հակամարտության գոտում՝ Հայաստանին և Ադրբեջանին: Բայց այդ արգելքները շրջանցելու ճանապարհներ էլ են գտնվում, օրինակ՝ 2017-ին հայտնի դարձավ, որ Չեխիայից և Սլովակիայից Ադրբեջանը սպառազինություն է գնել՝ որպես միջնորդ օգտագործելով Իսրայելին: Այսինքն՝ ֆորմալ առումով Չեխիան և Սլովակիան կարծես թե անմեղ են, իրենք վաճառել են Իսրայելին, բայց Իսրայելը որոշ մոդեռնիզացիայից հետո տեղափոխել է Ադրբեջան»:
Կարեն Վրթանեսյանի ձևակերպմամբ՝ այդ արգելքները ԵԱՀԿ անդամ երկրների համար են պարտադիր, բայց ինչ-որ լուրջ մեխանիզմներ՝ ստիպելու, որ ենթարկվեն, առայժմ չկա, գոնե ԵԱՀԿ-ի ֆորմատով:
Անդրադառնալով խոշոր զենքերի վաճառքին՝ «Ռազմինֆո»-ի համակարգողն ասել է, որ այդ դեպքերում վաճառվում է ոչ միայն զենքը, այլ նաև սպասարկումը:
«Սպառազինության դեպքում վաճառվում է և՛ սպասարկումը, և՛ սովորեցնելը, մարզելը այդ անձնակազմերին, որոշ դեպքերում նաև տեխնոլոգիաները: Օրինակ՝ Թուրքիան պնդում է, որ Ռուսաստանը վաճառում է իրեն նաև ինչ-որ տեխնոլոգիաներ, որը հնարավորություն կտա արդեն ինքնուրույն ինչ-որ բան արտադրելու: Ռուսաստանը ո՛չ հաստատում է, ո՛չ հերքում է այդ պնդումը: Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն բողոքում են, նյարդայնանում են և փորձում են որոշակի սահմանափակումներ մտցնել, այդ թվում նաև՝ որոշակի պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ»,-եզրափակել է Կարեն Վրթանեսյան: