Հարկ վճարողներն արդեն կարող են օգտվել ՊԵԿ սպասարկման ցանկացած բաժնից՝ անկախ հաշվառման վայրից
Պետեկամուտների կոմիտեի իրականացրած բարեփոխումների արդյունքում այս տարվա փետրվարից հարկ վճարողը, անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:
Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վախթանգ Սիսակյանը, օրինակ, եթե հարկ վճարողը հաշվառված է Վանաձորում կամ Գյումրիում, կարող է նույն ծառայությունը ստանալ երևանյան սպասարկման կենտրոններում կամ հակառակը: «Այսինքն՝ առաջին անգամ սպասարկման ցանկացած բաժին սպասարկում է ցանկացած կազմակերպության և ֆիզիկական անձի: ՊԵԿ նախագահի հրամանով գործող կարգերը համապատասխանեցվել են ՀՀ հարկային օրենսգրքի պահանջներին և հարկային մարմնի փոփոխված կառուցվածքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Վախթանգ Սիսակյանը:
Նրա դիտարկմամբ` բարեփոխումների նպատակը հարկ վճարողների և քաղաքացիների համար ծառայությունների ստացման բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որպեսզի նրանք ստիպված չլինեն ներկայանալ իրենց հաշվառման վայրի սպասարկման բաժիններ: «Հարկ վճարողների հարմարավետության համար անգամ հերթապահություն է սահմանվել ընդմիջման ժամերին»,-հավելեց պաշտոնյան: Նա նշեց, որ հարկ վճարողների գործարքներն իրականացվում են առնվազն նույն աշխատանքային օրը, առանձին դեպքերում` մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Սիսակյանի տեղեկացմամբ` այս բարեփոխումն իրականացրել են աշխատակիցների առկա ռեսուրսներով, պարզապես ներքին ընթացակարգերի փոփոխություն է կատարվել, ստեղծվել է միասնական գրանցամատյան, ինչն էլ հասանելիություն է ապահովում հարկ վճարողների տվյալներին: «Չնայած այն հանգամանքին, որ, այսպես կոչված, լայն իրազեկումներ չեն եղել հարկ վճարողների շրջանում, մեր հարկ վճարողները սկսել են օգտվել «մեկ պատուհան» սկզբունքով մեր կողմից մատուցվող ծառայություններից: Այս գործընթացը շարունակական է, և առաջիկայում էլ սպասվում են բարեփոխումներ` ներդնելով միասնական էլեկտրոնային հարթակ, միասնական գրանցամատյաններ ինչպես հարկ վճարողների ներկայացրած դիմումների, այնպես էլ նրանց ենթագրված դիմումների առումով»,-ասաց ՊԵԿ պաշտոնյան:
Սպասարկման կենտրոնում գործարքներ կատարող հարկ վճարողները հավաստեցին, որ այս բարեփոխման արդյունքում իրենք խնայում են ժամանակ և այլ ռեսուրսներ: Տեղում կարողանում են իրականացնել իրենց բոլոր գործարքները, որոնք մինչ այժմ ստիպված էին իրականացնել հաշվառման վայրեր այցելելով:
Հարկ վճարողների սպասարկման վարչությունը բաղկացած է Երևանում և մարզերում տեղակայված հարկ վճարողների սպասարկման 20 բաժնից և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման 1 բաժնից: Վարչությունն իրականացնում է ինչպես հարկ վճարողների սպասարկման և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների տրամադրման գործընթացի կազմակերպման, այնպես էլ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով պարտավորությունների հաշվառման, հարկ վճարողների հարկային գործերի շարժի վարման և պահպանման գործառույթ: