World News

7,5% տնտեսական աճն առնվազն երաշխավորում է, որ կենսամակարդակի անկում չի կարող արձանագրվել. Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ 7,5% տնտեսական աճի ազդեցությանը մարդկանց կենսամակարդակի վրա:

«Տնտեսական աճը մենք համեմատում ենք 2016 թվականի աճի հետ, որը կազմել է 0,2 տոկոս: Առաջին հայացքից տպավորիչ տնտեսական աճի բազան այդուհանդերձ բավական համեստ է: Այսինքն՝ ենթադրել, որ այս տնտեսական աճն իր ազդեցությունն անմիջապես պետք է թողներ կենսամակարդակի բարձրացման վրա՝ խիստ վիճելի է»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել, որ մեր աշխատող բնակչության 71-72 տոկոսը մինչև 150 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներն են, և նրանց եկամուտների վրա այդ աճը շոշափելի չի կարող լինել:

«Ենթադրել, որ անմիջապես այդ ազդեցությունը պետք է թողներ, մի քիչ չափազանցված կլիներ: Մյուս կողմից այդ աճը մի բան երաշխավորում է՝ այն, որ գոնե կենսամակարդակի անկում չի կարող արձանագրվել. սա արդեն դրական է, և եթե առաջիկա երկու-երեք տարիներին հաջողվի զարգացման այս տեմպերը պահել, կունենանք շոշափելի ազդեցություն կենսամակարդակի վրա»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանն անդրադարձավ նաև կառավարության նիստերի փակ լինելու որոշմանը և օրինակ բերեց, որ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի աշխատանքային քննարկումներն ամբողջովին այլ բովանդակություն են ունենում, երբ չկան ԶԼՄ-ներ։

«Մամուլի միջոցով երևալու ձգտումը կա, ինչ-որ մի բանով տարբերվելու ձգտումը: Ես կարծում եմ, որ կարևորը ոչ թե ինչպես է քննարկումը գնում, այլ կարևորը արդյունքն է: Կառավարության նիստերի փակ լինելը չի նշանակում, որ արդյունքները լինելու են ոչ մատչելի կամ գաղտնի»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց այն գնահատականի հետ, թե Հայաստանի իշխանություններն ադրբեջանականացման են գնում. նա նշեց, որ ավելի շուտ կարելի է ասել գնում են գերմանականացման:

«Ես Ադրբեջանի հետ ոչ մի զուգահեռներ չեմ տեսնում: Մարդկանց ֆանտազիան կարող է ճոխ լինել»,-ասաց նա: Պատգամավորը նշեց նաև, որ որևէ խոսք չի կարող լինել սուպերվարչապետի մասին:

Читайте на сайте