Հանքարդյունաբերություն, կեղտաջրեր, փոքր ՀԷԿ-եր, գետերի հոսքի պակաս. փորձագետները` ՀՀ-ում գետերի խնդիրների մասին
Հայաստանում գետերի աղտոտվածությունը բարձր աստիճանի է, հանքարդյունաբերության ազդեցությունը աղետալի է գետերի վրա, փոքր ՀԷԿ-երի շահագործումը լուրջ վնաս է գետերի համար, կարևոր խնդիր է գետերի հոսքի պակասը. մարտի 14-ին՝ գետերի միջազգային օրվան ընդառաջ այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեցին մասնագետները:
«Էկոլուր» կայքի խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հիշեցրեց, որ Հայաստանի գետերը պատկանում են Արաքս և Քուռ գետավազաններին, 10 կմ երկարությամբ և ավելի 215 գետեր ունենք, ամենախոշոր գետը Հայաստանում Արաքսն է:
Բուռնազյանի խոսքով՝ Հայաստանում կան 184 փոքր ՀԷԿ-եր` կառուցված գետերի ոռոգման և խմելու համակարգերի վրա, որոնցից 145-ը կառուցված են գետերի վրա: Ըստ նրա` իրենք Բնապահպանության նախարարության փորձագետների հետ ուսումնասիրել են 135 փոքր ՀԷԿ-եր, բացահայտել մի շարք խնդիրներ:
«Առաջին խնդիրն այն է, որ ՀԷԿ-երը չեն պահպանում էկոլոգիական թողքը, հավասարակշռությունը խախտվում է, ձկնապաշարներն են կտրուկ նվազել, որի պատճառներից մեկը ՀԷԿ-երի ձկնանցարանների ֆունկցիոնալ նշանակություն չունենալն է. ձկները չեն կարողանում տեղաշարժվել: Խնդիր է նաև ձկնագողությունը»,-ասաց նա:
Փորձագետի խոսքով՝ մեծ է նաև գետերի աղտոտվածության խնդիրը: «Շրջակա միջավայրի ուսումնասիրության արդյունքում, 43 գետերից 15-ը խիստ աղտոտված են, որոնք 5-րդ աստիճանին են, ինչը գետերի աղտոտվածության ամենաբարձր աստիճանն է»,-ասաց նա և հավելեց, թե այս գետերից Դեբետը, Ախթալան, Շնողը և ևս մի քանի գետեր կրում են հանքարդյունաբերության ազդեցությունը:
«Գիտենք, որ Թեղուտի դեպքում պոչմաբարից արտահոսքեր եղան, Ախթալա գետը, որպես այդպիսին չունենք, պոչամբար է դարձել»,-ասաց նա և նշեց, որ նույն վիճակում են Սյունիքում գետերը:
Վիկտորյա Բուռնազյանը շարունակեց, որ մյուս աղտոտվածությունը պայմանավորված է մաքրման կայանների բացակայությամբ: Խնդիր են նաև արտադրական կեղտաջրերը, ինչպես Հրազդան գետի դեպքում է, երբ պարբերաբար արտադատական կեղտաջրեր են լցնում գետ, արդյունքում արձանագրում են ձկների մասսայական անկում:
«Մեզ մոտ թիվ մեկ խնդիր է նաև ջրհոսքերի նվազումը: Գետերի ջրհոսքերը բավական նվազել են, որը շարունակական կլինի»,-ասաց նա և օրինակ բերեց, որ հոսքի նվազումն ակնհայտ է Սև ջուր գետում, որը ՀՀ-ի ամենաջրառատ գետն էր: Գետն օգտագործվում է Ատոմակայանի սառեցման համակարգի համար,և արդյունքում հոսքի պակասից Ատոմակայանի համար նոր հորատանցքեր են արվում, և դեռ նախատեսվում են շարունակել: Մասնագետը շեշտեց, որ ջրի սակավությունը գյուղերում խնդիրներ է առաջացնում:
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ Հայաստանի գետերի մոնիտորինգային ուսումնասիրություն չի կատարվում, կատարվում է միայն Սևանի ավազանի գետերի վրա, ինչը ներուժի, նաև ֆինանսների պակասից է:
Բարդուղ Գաբրիելյանի խոսքով՝ խնդիրն առաջին հերթին հանքարդյունաբերությունից է գալիս, ապա փոքր ՀԷԿ-երից, քանի որ նորմաները չեն պահպանվում:
Ըստ նրա` գետերի աղտոտվածությունը Հայաստանում մեծ խնդիր է, հատկապես աղտոտված են պլաստմասե շշերով ու ցելոֆաններով, որոնք առաջացնում են առողջական խնդիրներ: