World News

Պետք է ուշադիր հետևյալ նախընտրական շրջանում Վլադիմիր Պուտինի հարցազրույցներին, հաջորդ 6 տարիները շատ որոշիչ են լինելու. Գառնիկ Իսագուլյան (տեսանյութ)

Պետք է ուշադիր հետևյալ նախընտրական շրջանում ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի հարցազրույցներին, հաջորդ 6 տարիները շատ որոշիչ են լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:

«Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախընտրական շրջանի վերջին ամսում մեծ ծավալի քարոզչական տեխնոլոգիաներ կիրառվեցին, այս անգամ կարողացել են տեխնիկապես կատարելության հասցնել: Պուտինի հարցազրույցներում ցույց է տրվում, թե ինչ վիճակում ընդունեց երկիրը, ինչ աղետներ տեղի ունեցան այդ ընթացքում: ՌԴ-ն էլ հստակ ցույց տվեց, որ Ռուսաստանը ռազմական առումով թիվ մեկ պետությունն է աշխարհում: Պուտինն իր ուղերձներում ասում է նաև, թե իր նախագահության հաջորդ վեց տարվա ընթացքում ինչ է լինելու»,- նշեց նա:

Այս մասով Գառնիկ Իսագուլյանը կարևորեց տարածաշրջանի երկրների մասին հայտարարությունը, ըստ որի՝ հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների նկատմամբ Ռուսաստանը յուրահատուկ քաղաքականություն է վարելու:

«Հայաստանը, ունենալով ԼՂ հիմնախնդիրը, պետք է հավասարակշիռ քաղաքականություն վարի թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ: Բայց շատ կարևոր է, որ պատմական տվյալ ժամանակաշրջանում կարողանանք շատ ճիշտ գնահատել ուժերի հարաբերակցությունը: 2013 թ.-ի սեպտեմբերի 3-ը տեղին էր, պատմությունը ցույց է տալիս, որ մեր իշխանությունները կարողացան ճիշտ հաշվարկ անել»,- նկատեց նա:

Հարցին, թե առաջիկայում Ռուսաստանում, Ադրբեջանում և Հայաստանում սպասվող ընտրություններից հետո հնարավո՞ր է ԼՂ բանակցություններում ակտիվություն նկատվի, Գ. Իսագուլյանը ոչինչ չբացառեց: Ըստ նրա՝ ընտրություններից հետո ԼՂ բանակցություններում կարող են և՛ աշխուժություններ լինել, և՛ ընդհակառակը՝ պասիվություններ լինել:

«Մի բան պետք է հասկանանք, որ Արցախյան խնդրի հետ կապված քննարկումներ լինելու են շատ-շատ երկար տարիներ: Ես վստահ եմ, որ մոտակա 50 տարում սպասել ստատուս-քվոյի փոփոխության, դա նշանակում է չընկալել, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում տարածաշրջանում: Արցախը դե ֆակտո գոյություն ունեցող պետություն է: Նրանք, ովքեր այդ խնդրին լավ տիրապետում են, չեմ կարծում, որ ցանկություն ունեն, որ այդ կարգի պետության նկատմամբ լինի այնպիսի գործողություններ, որ այդ պետությունը դառնա անկայուն և անվտանգության առումով բավականին խոցելի»,- ասաց նա:

Անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում ընթացող զորավարժություններին` Գառնիկ Իսագուլյանը նկատեց՝ առաջին դեպքը, որ Ադրբեջանը, խախտելով բոլոր պայմանավորվածությունները, զորավարժություններ է անցկացնում:

«Դրանց պետք է պատրաստ լինենք, պետք է իմանանք, որ միշտ են խախտելու: Մենք ինքներս պետք է պատրաստ լինենք ցանկացած ոտնձգության և ոչ համարժեք՝ շատ ավելի ուժեղ պատասխան տանք: Մեր միասնականությունը, բանակի նկատմամբ ուշադրությունը և կարծում եմ՝ ամենակարևորը ռազմական տեխնիկայի ձեռքբերումն է: Այս առումով ՀՀ-ն հիմա բավականին լուրջ քայլեր կատարում է:  Մենք ուղղակի պետք է պատրաստ լինենք, որ այդ զորավարժությունները կարող են վերածվել որոշակի հստակ գործողությունների»,- նշեց նա:

Читайте на сайте