World News

Եկեղեցին հայկական է. Թբիլիսիի Թանդոյանց եկեղեցին նախկին կարգավիճակին վերադարձնելու պահանջով դատական առաջին նիստը հետաձգվել է

19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում նշանակված էր առաջին դատական նիստը, որը հետաձգվել է:  
 
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի իրավական հարցերով պատասխանատու Միքայել Ավագյանը:

Նշենք, որ Վիրահայոց թեմը համարում է, որ կեղծ փաստաթղթի հիման վրա եկեղեցին փոխանցվել է վրաց պատրիարքարանին և դիմել է դատարան՝ կամ եկեղեցին Վիրահայոց թեմին վերադարձնելու, կամ նորից եկեղեցին որպես պետության սեփականություն Էկոնոմիկայի նախարարությանը վերադարձնելու պահանջով:
  
«Թանդոյանց եկեղեցին այժմ համարվում է Վրաց պատրիարքարանի սեփականությունը, սակայն դա որևէ իրավական հիմք չունի:

Թանդոյանց եկեղեցին կառուցվել է որպես հայ առաքելական եկեղեցի, գործել է որպես հայ առաքելական եկեղեցի,խոնարհվել է որպես հայ առաքելական եկեղեցի:  Այդ եկեղեցին հայկական է, սակայն 2017 թվականի հուլիսին Վրաստանի կառավարությունը վրաց պատրիարքարանին է փոխանցել 19-րդ դարում կառուցված Թբիլիսիի Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Թբիլիսի քաղաքային դատարանից մենք պահանջում ենք, որպեսզի չեղարկի Վրաստանի պետռեգիստրի՝ եկեղեցին վրաց պատրիարքարանին հանձնելու որոշումը»,-ասաց Ավագյանը:
 
Վիրահայոց թեմի իրավական հարցերով պատասխանատուն ասաց, որ եկեղեցին հայկական է, և այն վերադարձվելու է նախկին կարգավիճակին:

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է 1883 թվականին:

Читайте на сайте