«Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմն անցած ժամանակի մասին է՝ պոետիկ մոտեցմամբ. կինոգործիչներ (ֆիլմ)
«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը ցուցադրությունից հետո քննարկմանը նշեց, թե ֆիլմում արծարծվում է արտագաղթի թեման, որը փորձել է ներկայացնել իր իսկ օրինակով:
«Բոլորս խոսում ենք արտագաղթի մասին, դատարկվող տների ու գյուղերի մասին. ես ինքս իմ օրինակով փորձեցի ցույց տալ այդ խնդիրը, քանի որ մենք նույնպես հայրենի գյուղից տեղափոխվել ենք, կտրվել տնից, ծննդավայրից: Տատիկի միջոցով ներկայացրել եմ հայությանն առնչվող խնդիր, երբ սոցիալական տարբեր խնդիրների պատճառով շատերը ստիպված են լքել իրենց տունը և այլ տեղ բնակություն հաստատել»,- ասաց նա:
Կինոռեժիսոր Արեն Մալաքյանի խոսքով՝ հետաքրքիր պատմություն է, տեսարանները՝ խոսուն, թեև ֆիլմն իր համար ոչ այդքան արտագաղթի խնդրին էր անդրադառնում, որքան անցած ժամանակի:
«Ես ոչ թե արտագաղթի մասին ֆիլմ տեսա, այլ անցած ժամանակի, որ այս մարդը ամեն գնով փորձում է իրեն համոզել, որ հնարավոր է ժամանակը պահպանել: Ֆիլմն այդ տեսակետից է զարգացել: Որպես սկսնակ ռեժիսոր՝ հեղինակը ֆիլմում լուրջ խնդիրներ է շոշափում, որտեղ պատմությունը ժամանակի տևողությունն է՝ այդ կանգնած ժամացույցը, լուսամուտից երևացող սարերը, և ժամանակը, որ ակտիվ գնում է, բայց այդ մարդն ուզում է, որ այն կանգ առնի»,- ասաց կինոռեժիսորը և նշեց, որ սեղմ ժամանակում է նկարել, և շատ ավելի լավ կլիներ 104-ամյա կնոջը նկարել տարվա չորս եղանակներին:
Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ևս այն համոզմանն է, որ ֆիլմում բավականաչափ չի արտահայտվում այդ կոնֆլիկտը, որի մասին խոսվում է, այսինքն՝ արտագաղթը: Թեև կինոքննադատը հավելեց, որ շատ ֆիլմեր հաճախ իրենք են որոշում՝ ինչի մասին են:
Րաֆֆի Մովսիսյանի գնահատականով՝ հեղինակը վերցրել է ֆիլմի նկարահանման իրավիճակային մեթոդը: «Ինձ համար ֆիլմը կարծես Արուսի վերադարձն էր գյուղ, որը ժամանակին թողել է տատիկը, և տատիկի միջոցով է գտնելու այն անցյալը, որ կար»,- ասաց նա և նշեց, որ թեև հեղինակը փորձել է կադրից դուրս պահել իրեն, բայց անընդհատ զգացվում է նրա շունչը ֆիլմում:
Նշենք, որ Արուս Հակոբյանը վավերագրական ֆիլմում հանդես է եկել թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի, թե՛ մոնտաժողի դերում:
«Կարծում եմ՝ ֆիլմը ոչ այդքան վավերագրական, որքան պոետիկ կադրերի մոտեցմամբ է, այսինքն՝ փորձել է նկարել սոցիալական կինո, բայց պոետիկ պատմության է հանդիպել»,- ասաց նա:
Նշենք, որ «Եկել եմ, որ գնամ» ֆիլմում 104-ամյա Սաթենիկ տատը փորձում է կյանք տալ իր հին տանը, որն անբնակ է արդեն 20 տարի: Նա միակն է, որ հոգ է տանում հին ու դատարկված տան մասին, որտեղ ապրել է շուրջ 80 տարի: Նրա բոլոր հիշողությունները կապված են այս վայրի հետ:
Սաթենիկը գիտի տան յուրաքանչյուր առարկայի, ամեն քարի պատմությունը: Սակայն այսօր ամեն ինչ անշնչանում է հարազատ այս վայրում, և նա ցանկանում է մահանալ այստեղ:
Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչ զգացողություններ և ապրումներ ունի տարեց կինը իր հարազատ գյուղից և տնից տեղափոխվելուց հետո: Այն ներկայացնում է նաև, թե որքան հարազատ են նրան այս վայրերն ու առարկաները:
Սաթենիկը 7 որդի ունի: Թեև նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից և ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու և ապրելու դատարկվող գյուղի այս հին, փոքր տանը, այդուհանդերձ, հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար: