World News

Սփյուռքը դատապարտում է Հայաստանում ցուցարարների ապօրինի ձերբակալությունները. Արթուր Սահակյան

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում այս օրերին անցկացվող բողոքի զանգվածային միջոցառումները՝ ի աջակցություն Հայաստանում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժման, այնքան խաղաղ չեն, որքան Հայաստանում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց լոսանջելեսաբնակ, «30 րոպե Արթուր Սահակյանի հետ» ծրագրի մեկնաբան, ՀՀ հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանը, ով ակտիվ լուսաբանում է Կալիֆոռնիայում այս օրերին անցկացնող բողոքի զանգվածային միջոցառումները:

Նա տեղեկացմամբ՝ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած պայքարին միացած մեր հայրենակիցների կողմից շրջանառության դրված բողոք-պահանջագրերից (petitions) մեկով տեղի հայությունը ԱՄՆ իշխանություններին կոչ է անում դիմել շատ կտրուկ գործողությունների և ԱՄՆ-ից վտարել հայկական դրոշի տակ հանդես եկող բոլոր դիվանագիտական պաշտոնյաներին, որոնք կապված են Ռուսաստանի և պաշտոնական Կրեմլի հետ:

«Այս շրջանակներում նշվում է 2 անուն՝ ռուսաստանցի խոշոր գործարար, Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս Սերգեյ Սարկիսով, որը հիմնականում Ռուսաստանում է բնակվում և անհասկանալի է, թե ինչու են նրան նշանակել այդ պաշտոնում, իսկ երկրորդ անունը վերջերս նախագահ Թրամփի գործողությունները Սիրիայում դատապարտած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Դենիս Խաչատուրովի անունն է, ով ԱՄՆ-ում Հայաստանի ռազմական կցորդն է։ Բացի այդ, առաջարկվում է նաև անցկացնել հատուկ հետաքննություն և պարզել 1991 թվականից ի վեր Հայաստանից ԱՄՆ տեղափոխված բոլոր խոշոր գումարների իրական տերերին ու դրանց իրավականությունը։ Հաշվի առնելով այն հրապարակումները, որ Հայաստանից դուրս են բերվել միլիարդավոր դոլարներ, առաջարկվում է պարզել նրանց իրական տերերին, սառեցնել նրանց բանկային հաշիվներն ու գույքը։ Այսինքն՝ ճիշտ նույն գործողությունները, որոնք իրականացվեցին ու շարունակվում են իրականացվել Ռուսաստանի օլիգարխների ու պետական պաշտոնյաների նկատմամբ»,-մանրամասնեց Արթուր Սահակյանը:

Արթուր Սահակյանը հիշատակեց նաև մյուս պահանջագիրը, որն ուղղված է Միացյալ Նահանգների իշխանություններին, որով ԱՄՆ քաղաքացի մեր հայրենակիցները նաև պահանջում են դատապարտել, ինչպես ձևակերպված է, Հայաստանի իրավապահների բռնություններն ու ապօրինի ձերբակալությունները և աջակցել իրենց ազատությունների համար պայքարի դուրս եկած ժողովրդին։

Հարցին, թե ի՞նչ է տալիս ԱՄՆ Սփյուռքի աջակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը, Արթուր Սահակյանը նկատեց. «Լոս Անջելեսի և, առհասարակ, սփյուռքահայության ակտիվությունը մի քանի հարց է լուծում։ Նախ՝ դա դատապարտում է ոստիկանական բիրտ ուժի կիրառումը և ապօրինի ձերբակալությունները, որոնք տեղի են ունենում Երևանում՝ աննախադեպ խաղաղ ցուցարար երիտասարդների նկատմամբ։ Ասեմ, որ նույնիսկ այստեղ այդ աստիճանի խաղաղ ու նախապատրաստված բողոքի ակցիաներ տեղի չեն ունենում։ Երկրորդ՝ դա աջակցություն է իր իրավունքների և ազատությունների համար դուրս եկած Հայաստանի հայ ժողովրդին և հատկապես պայծառ երիտասարդությանը։ Եվ, վերջապես, դա ընդվզում է նաև սփյուռքյան այն կազմակերպությունների դեմ, որոնք, գործարքի մեջ լինելով Հայաստանի իշխանությունների դեմ, տասնամյակներ շարունակ Սփյուռքը բզկտել ու բերել հասցրել են անտարբերության ու թմբիրի»։

Արթուր Սահակյանը հիացած է հայաստանյան երիտասարդության պահվածքով ու դա համարում է երիտասարդության զարթոնքը: Նա ասաց նաև, որ եթե նախկինում միայն միջինից բարձր տարիքի մարդկանց կարելի էր տեսնել հայկական ցանկացած միջոցառման, այսօր երիտասարդությունը մեծամասնություն է, և գնալով նրանց թիվը ավելանում է:

Անդրադառնալով լոսանջելեսահայության տրամադրություններին և տեղեկություններին, թե ճի՞շտ է, որ նրանցից շատերն այս օրերին եկել են Հայաստան, լրագրողը նկատեց. «Ծանոթանալով մարդկանց տրամադրությունների հետ՝ կարող եմ երաշխավորել, որ Հայաստանում իրական հեղափոխությունից հետո, որը կբերի ոչ թե անձերի, այլ համակարգային փոփոխությունների, երբ աշխատելու ու արարելու դաշտ կլինի ու շնչելու օդ, հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ հաստատ կվերադառնան Հայաստան։ Ասեմ, որ ինքս կլինեմ առաջիններից մեկը»։

Читайте на сайте