World News

Ամերիկացի 66 սենատոր նամակ է հղել Էրդողանին

Ամերիկացի 66 սենատոր նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայում բանտարկված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի խնդրի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, ամերիկացի սենատորները Թուրքիայի իշխանություններին մեղադրել են Բրանսոնին որպես «քաղաքական պատանդ» օգտագործելու համար, ինչպես նաև շեշտել, որ այդ իրավիճակն ազդում է երկու երկրների հարաբերությունների վրա:

Նամակը ստորագրած հանրապետական սենատոր Ջեյմս Լենքֆորդն ու դեմոկրատներից Ջին Շահինը հայտնել են, որ քայլեր կձեռնարկեն որոշ թուրք գործիչների դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ պատրաստ է ազատել շուրջ 1 տարի առաջ ձերբակալված Էնդրյու Բրանսոնին, եթե ԱՄՆ-ն փոխարենն արտահանձնի Փենսիլվանիա նահանգում ապրող Ֆեթուլլահ Գյուլենին:

Բրանսոնն ու նրա կինը, որոնք Իզմիրում ղեկավարում էին քրիստոնեական եկեղեցի, կալանավորվել են անցյալ տարեվերջին՝ միգրացիոն օրենսդրության խախտման մեղադրանքով:

Ավելի ուշ հոգևորականին մեղադրանք է առաջադրվել «Քրդստանի աշխատավորական կուսակցություն», ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման հետ կապեր ունենալու համար:

Նրան սպառնում է մինչև 35 տարվա ազատազրկում:

Читайте на сайте