World News

Լրատվամիջոցները պատմել են նախօրեին կյանքից հեռացած դիջեյ Avicii‍-ի առողջական խնդիրների մասին (լուսանկարներ)

Ապրիլի 20-ին կյանքից հեռացել է աշխարհի ամենահայտնի երաժիշտներից մեկը՝ դիջեյ Avicii-ն, ինչից հետո արևմտյան լրատվամիջոցները պատմել են նրա ունեցած առողջական խնդիրների մասին:

Ինչպես նշում է ria.ru-ն, 28-ամյա շվեդ երաժշտի մամուլի խոսնակը հաստատել է նրա մահվան լուրը, սակայն պատճառը չի հայտնել:

Մինչդեռ Hollywood Reporter-ը հիշեցնում է, որ 2012թ. Թիմ Բերգլինգի (Avicii-ի իսկական անունը-tert.am) մոտ ախտորոշվել էր սուր պանկրեատիտ, ինչը պայմանավորված էր ալկոհոլային խմիչքների չարաշահմամբ:

Բրիտանական Sun-ը հավելում է, որ 2014թ. երաժիշտը ստեղծագործական դադար էր վերցրել կույր աղիքի ու լեղապարկի հեռացման վիրահատություններից հետո վերականգնվելու համար:

Daily Mail պարբերականն ուշադրություն է դարձնում այն փաստին, թե որքան հյուծված տեսք ուներ դիջեյը կենդանության վերջին օրերին արված լուսանկարներում:

 

 

 

 

Հայտնի է, որ Avicii-ի անսպասելի մահվան լուրը լսելուց հետո, հայտնի երաժիշտներն իրենց ցավակցությունն են հայտնել: Օրինակ՝ Մադոննան իր ինստագրամյան էջում գրել է, որ կատարվածը տխուր ու ողբերգական դեպք է: Բացի այդ, իրենց ցավակցությունն են հայտնել դիջեյ Քալվին Հարիսը, երգիչ Չառլի Փութը, երգչուհի Դուա Լիպան, Sony/ATV Music Publishing երաժշտական ընկերությունն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Читайте на сайте