World News

Ոստիկանները թույլ չեն տալիս երթ իրականացնել (լուսանկարներ, տեսանյութ, թարմացվում է)

11։37


Ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշոց սկսվեց, ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ցուցարարներին, ինչի ընթացքում ոստիկաններից մեկը կարծես հարված ստացավ և ընկավ գետնին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ով ոստիկանին հարվածում է, նա այս շարժման հետ կապ չունի:

«Ոստիկանին գցել գետին ո՞րն է»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և նրան պատասխանեցին, որ եթե եղել է այդպիսի բան անող, ապա նա սադրող է: 

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկաններին վիրավորողը հանրապետական կուսակցության կողմից ուղարկված սադրիչներն են: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մի քիչ հանգստանալ՝ կիրավիճակը հասկանալու համար:


11։30

 

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակիցներին համախմբվել իր շուրջ:  «Ես կոչ եմ անում Երևանի մյուս հատվածներում փակել փողոցներ, խաչմերուկներ, որպեսզի Ոստիկանությունը հնարավորություն չունենա ուժերը կենտրոնացնել: Բոլորդ մոտեցեք այստեղ, որպեսզի բերման ենթարկելու հնարավորություն չունենան, թև թևի մտեք»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը ոստիկանների գործողությունների այս փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ նրանք հասկացել են, թե հեղափոխությունը տեղի է ունենում և նրանց թվում է թե դա կարելի է հետ շրջել, բայց նրանք սխալվում են: «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում փակել ճանապարհները, ոստիկանական բոլոր բաժինները, գերատեսչությունները շրջափակել, դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»,-ասաց նա:


11։26

Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների հետ շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին:

Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց սկսվեց: Չնայած դրան երթի մասնակիցները փորձեցին շարունակել երթը և Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել երթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անհայտ անձինք կոտրել են մեր շարժման մասնակիցների մեքենաները, և Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել և սա բողոքի երթ է կողմնակիցների նկատմամբ հարձակումների կապակցությամբ:

«Օրենքը լիազորում է ցանկացած քաղաքացու առանց իրազեկման անցկացնել երթ, քանի դեռ երթը բնույթով խաղաղ է, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը»,-ասաց նա:

 
11։10

Նոր Նորքի 7-րդ զանգվածում Դավիթ Բեկի փողոցից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին ճանապարհը չփակել: «Հարգելի ոստիկաններ խնդրում ենք թողեք մեր երթը բնականոն ընթանա»,-ասաց նա: Այնուհետև երթի մասնակիցները վանկարկելով շարժվեցին առաջ:

11։00

Էդգար Գասպարյան անուն–ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե Աբովյան փողոցում ինչպես են ոստիկանները մահակով և ոտքերով հարվածում փողոցը փակած ավտոմեքենային։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։






––––––––––––––––––––––––––––––––––––––





ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը։ Մասնավորապես փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:

Ինչպես բողոքի ակցիայի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, ժամանել է երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկաններն այժմ փորձում են բացել ճանապարհը: Մեկ մարդու արդեն բերման են ենթարկել։ 


Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել վարչապետի Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել էր երկխոսություն սկսելու իշխանությունների առաջարկին և նշել 4 պայման։ Մասնավորապես, ըստ նրա,  Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տալի վարչապետի պաշտոնից, Ազգային ժողովը պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն և Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին և երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չպետք է ընդունի կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 



Читайте на сайте