Ցուցարարները գնում են դեպի Պաշտպանության նախարարություն (լուսանկարներ, տեսանյութ, թարմացվում է)
14։09
Այս պահին Նիկոլ Փաշինյանը և ցուցարարները շարժվում են Պաշտպանության նախարարության ուղղությամբ։ «Երեկ ես հայտարարեցի, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին: Այդ հայտարարությանն ի պատասխան, նա որոշել էր, որ այսօր մենք երթ չպետք է անեինք, բայց դուք տեսաք, որ մենք երթ իրականացնում ենք ՀՀ օրենքի տառին և ոգին համապատասխան։ Սա ևս մեկ անգամ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանը ՀՀ-ում իշխանություն չունի այլևս, և մնում է սրա մասին իրեն տեղեկացվի»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:07
«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել, համաձայն որի` ՀՀ Ոստիկանության Կենտրոնի բաժնում ձերբակալված է «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը։
14:05
Այս պահին լարված իրավիճակ է Մաշտոցի պողոտայում: Ոստիկանները բռնի ուժով ոստիկանական մեքենաներ նստեցրին քաղաքացիների: Այստեղ կա ոստիկանական մեծ խումբ, որոնք չեն պատասխանում քաղաքացիների հարցերին, թե ինչու են բռնանում քաղաքացիների վրա:
Խմբով ոստիկանները վազեցին մի քաղաքացու ուղղությամբ և նրան բռնի նստեցրին ոստիկանական մեքենան:
13:30
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ցուցարարներն այս պահին Մոլդովական փողոցով գնում են դեպի Պաշտպանության նախարարության շենք։
13:25
Երթի մասնակիցները հասան Նորքի երկրորդ զանգված: Բողոքի ցույցի մասնակից շատ աղջիկների ձեռքին վարդեր կան:
13։15
Ես դիմում եմ «Դաշնակցական», ավանդական կուսակցությունների մեր սփյուռքահայ գործընկերներին` բարձրաձայնեք ձեր կարծիքը: Այս մասին կոչ արեց Նիկոլ Փաշինյանը` հորդորելով ներկայացնել Սերժ Սարգսյանին իրավիճակը:
«Եթե իմ ձերբակալման, կալանավորման ապօրինի փորձ լինի` Ազգային ժողովի նիստ պետք է տեղի ունենա: Կոչ եմ անում այդ նիստի ժամանակ դուրս գալ փողոց, և դա կդառնա արդեն հեղափոխության վերջնական հաղթանակը»,- ասաց նա և նշեց, որ սա քաղաքական գործիչների պայքար չէ, այլ քաղաքացիների պայքար է:
Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ` իր ընտանիքի անվտանգության համար մտահոգություն չունի, քանի որ ինքը և իր ընտանիքը մշտապես եղել են հանուն ՀՀ ազատության և օրինականության համար մղվող պայքարի մեջ:
«Ես որևէ մտավախություն չունեմ, քանի որ դեռ տասը տարի առաջ եմ հայտարարել, որ իմ կյանքը դրված է հանուն Հայաստանի ազատության մղվող պայքարի զոհասեղանին, ես ոչ մի մտավախություն չունեմ: Եթե որևէ մեկը մտածում է, որ այդպիսի գործոնով կարող է ինձ կանգնեցնել` նա ուղղակի ինձ չի ճանաչում և իմ ընտանիքին չի ճանաչում»,-ասաց նա:
13:01
Պատրաստ եմ քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը`արձագանքելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` երկխոսության կոչին:
«Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա: Ես էլ եմ կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ուլտիմատումով չի խոսում և որևէ մեկին խորհուրդ չի տալիս իրենց հետ այդպես խոսել: «Սա բխում է իրավիճակի սթափ գնահատականից»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, որ իր ընտանիքը, թոռները վատ վերաբերմունքի կարժանանան, ինքը երաշխավորում է, ժողովուրդը երաշխավորում է, որ այդպիսի բան լինել չի կարող, քանի որ Հայաստանում ներհայաստանյան թշնամանքի էջը փակված է:
Նա նաև նշեց, որ «Մարտի 1»–ը չի կարող կրկնվել, քանի որ ի տարբերություն մարտի մեկի, այսօր ողջ հայությունն աջակցում է շարժմանը, և կոչ արեց սփյուռքի հայրենակիցներին այդ աջակցությունը մեծացնել, անընդհատ զանգերով, նամակներով ճնշել իշխանությանը: Որպես անարյուն փոխանցման երաշխավոր նա կոչ արեց Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Հայաստանի և սփյուռքի մտավորականներին անհապաղ խմբվեն և նախաձեռնություն ցուցաբերեն: «Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, զինվորական, որ պատրաստ է մեզ վրա կրակել: Հայ ազգի ցանկացած ներկայացուցչի կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այն կողմ` անհրաժեշտության դեպքում»,-ասաց նա և կոչ արեց այս իրավիճակը չհամեմատել այլ ժամանակների հետ, քանի որ ներկայումս ուրիշ իրավիճակ է, և որևէ եզր չկա նախկին իրադարձությունների հետ:
Նա նշեց, որ այսօր ամեն քաղաքացի պայքարում է ընտանիքի արժանապատվության համար:
Ես շփման համար փակ չեմ, բայց քննարկման թեման կարող է լինել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Այս մասին շարունակեց պնդել Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ այդ պայմանները պետք է ընդունեն ոչ միայն ինքը, այլ շարժման մասնակիցներին:
«Սերժ Սարգսյանն իրականում չի տիրապետում իրավիճակին, ես կարծում եմ, որ այնքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում»-ասաց նա։
12:45
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից անհարմարությունների համար, և նշեց, որ դա անում են ավելի մեծ անհարմարությունից ազատելու համար:
Նրան մոտեցավ մի կին և նշեց, որ քաղաքացիական հագուստով անձը հարվածել է իր 11-ամյա երեխային, կոտրել անձրևանոցը և մեկ ժամ է, ինչ չի կարողանում գտնել իր տղային:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին` թև թեևի տված, կազմակերպված առաջ շարժվել, որպեսզի լարվածությունը թուլացնեն: Նշենք, որ Նորքի 5-րդ զանգվածից երթի մասնակիցները շարժվում են դեպի Ավան:
12։34
Ապրիլի 21-ին, ժամը 11:30-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 11 քաղաքացի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ երեկ ժամը 18։00-ի դրությամբ ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:
12։20
Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների` մանդկանց բերման ենթարկելու մտահոգությանը արձագանքեց, որ հազարավոր մարդիկ կան այնտեղ, ո՞ր մեկին են տանելու, և հարցադրում արեց, թե երկու միլիոն մարդ հնարավո՞ր է տանել: Իսկ երեխաների վերաբերյալ նա ասաց. «Երեխեքի ցավը տանեմ, կգնան, երեք ժամ կհանգստանան, կգան: Սիրելի´ ոստիկաններ, ոնցոր միշտ անում եք, բերման ենթարկվածներին, խնդրում ենք, սուրճ հյուրասիրեք, կոնֆետ, քաղցրավենիք, որովհետև մենք ձեր եղբայրն ենք, դուք էլ մեր եղբայրն եք»: Այնուհետև հավաքի մասնակիցները երթով շարժվեցին առաջ դեպի Ավան թաղամաս:
12։12
Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Նոր Նորքի ոստիկանության բաժին և իրազեկեց հավաքի մասին: «Ես Ձեզ պաշտոնապես իրազեկում եմ, որ հավաքների ազատության մասին օրենքի 26-րդ, 27-րդ հոդվածներով, շտապ կարգով հավաք եմ կազմակերպում»,-ասաց նա հեռախոսով և ներկայացրեց երթուղին` ըստ որի անցնելու են Ավանով, Պաշտպանության նախարարության կողմով և հասնելու են «Հարսնաքար» ռեստորանի խաչմերուկ:
Վալերի Օսիպյանը առաջարկեց կազմակերպիչ ոստիկանությանը ներկայացնել երթուղին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ մասին իրազեկել է տարածքային ստորաբաժանմանը: Վալերի Օսիպյանը պահանջեց չսահմանափակել տրանսպորտային միջոցների, շենք շինությունների աշխատանքը, և Ոստիկանությունը կապահովի երթը: «Խնդիր չկա»` արձագանքեց Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց ծափահարել ոստիկանությանը:
12։10
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանը մի քանի աջակիցների հետ ավտոերթ է անցկացնում Էրեբունի վարչական շրջանում:
12։09
Ապրիլի 21-ին` ժամը 11:30-ի դրությամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել 11 քաղաքացիներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Նշենք, որ երեկ` ժամը 18։00-ի դրությամբ, ոստիկանություն էր տարվել 233 ցուցարար:
12։08
Գայի պողոտայում բավական լարված է իրավիճակը: Հատուկջոկատայիններն արդեն մոտ 10 հոգու բերման են ենթարկել: Այս մասին հայտնում է Tert.am-ի թղթակիցը:
Ոստիկանները մոտ 30 հոգով հեռացրել են փողոցը փակած մեքենան` այդ ընթացքում բավականին վնասելով այն:
Քաշքշոցի ընթացքում մարդկանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է: Նա այժմ պառկած է գետնին և սպասում է շտապօգնության մեքենային:
Tert.am-ի թղթակիցը նաև հայտնում է, որ ոստիկանությունն անընդհատ նոր ուժեր է ավելացնում:
12։04
Սիրելի ՀՀ ոստիկաններ և ժողովուրդ, ձեր ուշադրությունն եմ հրավիրում, սա ՀՀ օրենքն է հավաքների ազատության մասին: Այս մասին Նոր Նորքի հինգերորդ զանգվածում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և ընթերցեց օրենքի համապատասխան հոդվածը:
«Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ, որ այսօրվա հավաքը նվիրված է այն հարձակումներին, որոնք տեղի են ունեցել ակտիվիստների նկատմամբ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձանց կողմից, նրանք մեքենաներ են ջարդել»,- ասաց նա:
Վալերի Օսիպյանն ընդհատեց` հարցնելով. «Նախապես գիտեիք, որ ձեր ակտիվիստներից պետք է տուժեին, որ դեռ երեկվանից հայտարարել եք հավաքի մասին: Դուք ծրագրե՞լ եք»:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին իրենք կատարում են ոստիկանների պահանջը` դե յուրե 7-րդ զանգվածի «Նոր տուն» խանութի մոտ սկսված հավաքը համարում են դադարեցված: «Սիրելի՛ ոստիկաններ, ձեր պահանջը դադարեցրինք։ Հիմա հավաքների ազատության մասին օրենքի 27-րդ հոդվածով հրավիրում ենք նոր շտապ հավաք` արձագանքելու համար այն ապօրինությունները, որոնք Հայաստանում տեղի են ունենում ակտիվիստների նկատմամբ»,-ասաց նա:
11։44
Էջմիածնում ևս բողոքի ցույցեր են: Մի քանի տասնյակ էջմիածինցիներ երթ են անցկացնում քաղաքի փողոցներով՝ կոչ անելով բոլորին միանալ իրենց: Ցուցարարների կողքով անցնող մեքենաները ազդանշաններ են տալիս՝ ի աջակցություն բողոքի գործողության:
Նշենք, որ այսօր` ժամը 18:00-ին, Էջմիածնում նախատեսված է հանրահավաք անցկացնել:
11։43
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում զգուշացրեց պահպանել օրենքը: «Եթե հավաքը լիներ սահմանված կարգով, օրենքը չխախտվեր, բազմիցս ասել եմ, որ ուղեկցում ենք, ապահովում ենք երթի մասնակիցների անվտանգությունը, բայց բազմիցս խնդրել ենք, որ չսահմանափակվի տրանսպորտի ազատ տեղաշարժը»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թե այս պահին ոչ մեկ չի սահմանափակել երթևեկությունը, իսկ Վալերի Օսիպյանն ասաց, որ եթե չլիներ հորդոր, կլիներ այն պատկերը ինչ եղել է նախկին օրերին:
Նիկոլ Փաշինյանը ժամանակ խնդրեց քննարկել առաջարկը: «Ժողովո՛ւրդ, մենք հիմա պետք է հասկանանք և ոստիկանության առաջարկը քննարկենք, մանրամասն և բազմակողմանի պետք է քննարկենք»,-ասաց նա:
11։37
Ոստիկանության և երթի մասնակիցների միջև քաշքշոց սկսվեց, ոստիկանները փորձում էին տարածքից հեռացնել ցուցարարներին, ինչի ընթացքում ոստիկաններից մեկը կարծես հարված ստացավ և ընկավ գետնին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ով ոստիկանին հարվածում է, նա այս շարժման հետ կապ չունի:
«Ոստիկանին գցել գետին ո՞րն է»,- ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և նրան պատասխանեցին, որ եթե եղել է այդպիսի բան անող, ապա նա սադրող է:
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ոստիկաններին վիրավորողը հանրապետական կուսակցության կողմից ուղարկված սադրիչներն են: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մի քիչ հանգստանալ՝ կիրավիճակը հասկանալու համար:
11։30
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակիցներին համախմբվել իր շուրջ: «Ես կոչ եմ անում Երևանի մյուս հատվածներում փակել փողոցներ, խաչմերուկներ, որպեսզի Ոստիկանությունը հնարավորություն չունենա ուժերը կենտրոնացնել: Բոլորդ մոտեցեք այստեղ, որպեսզի բերման ենթարկելու հնարավորություն չունենան, թև թևի մտեք»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը ոստիկանների գործողությունների այս փոփոխությունը պայմանավորեց նրանով, որ նրանք հասկացել են, թե հեղափոխությունը տեղի է ունենում և նրանց թվում է թե դա կարելի է հետ շրջել, բայց նրանք սխալվում են: «Եթե ինձ տանեն, ձերբակալեն, բերման ենթարկեն, ես ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում փակել ճանապարհները, ոստիկանական բոլոր բաժինները, գերատեսչությունները շրջափակել, դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի և գալ ինձ ազատելու»,-ասաց նա:
11։26
Սա ժողովրդավարական թավշյա, ոչ բռնի հեղափոխություն է և այդ հեղափոխության վերջնական հաղթանակին պակասում է քո անձնական մասնակցությունը, և մենք ձեզ կոչ ենք անում դուրս գալ փողոց: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ իր կողմնակիցների հետ շարունակելով երթը: Նա կոչ արեց մերժել կոռումպացված իշխանությանը և դուրս գալ փողոց՝ տեր կանգնել հայրենիքին, հաղթանակին:
Ոստիկանությունը փորձեց խոչընդոտել երթը և հրմշտոց սկսվեց: Չնայած դրան երթի մասնակիցները փորձեցին շարունակել երթը և Նիկոլ Փաշինյանը կոչ արեց բոլորին դուրս գալ փողոց:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ արեց դադարեցնել երթը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Անհայտ անձինք կոտրել են մեր շարժման մասնակիցների մեքենաները, և Ոստիկանությունը ոչինչ չի ձեռնարկել և սա բողոքի երթ է կողմնակիցների նկատմամբ հարձակումների կապակցությամբ:
«Օրենքը լիազորում է ցանկացած քաղաքացու առանց իրազեկման անցկացնել երթ, քանի դեռ երթը բնույթով խաղաղ է, Ոստիկանությունը պարտավոր է աջակցել հավաքի անցկացմանը»,-ասաց նա:
11։10
Նոր Նորքի 7-րդ զանգվածում Դավիթ Բեկի փողոցից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին ճանապարհը չփակել: «Հարգելի ոստիկաններ խնդրում ենք թողեք մեր երթը բնականոն ընթանա»,-ասաց նա: Այնուհետև երթի մասնակիցները վանկարկելով շարժվեցին առաջ:
11։00
Էդգար Գասպարյան անուն–ազգանունով օգտատերը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե Աբովյան փողոցում ինչպես են ոստիկանները մահակով և ոտքերով հարվածում փողոցը փակած ավտոմեքենային։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։
––––––––––––––––––––––––––––––––––––––
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քաղաքացիական անհնազանդության շրջանակներում այսօր մի քանի տասնյակ ցուցարարներ փակել են Նոր Նորքի Դավիթ Բեկի փողոցը։ Մասնավորապես փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:
Ինչպես բողոքի ակցիայի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը, ժամանել է երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկաններն այժմ փորձում են բացել ճանապարհը: Մեկ մարդու արդեն բերման են ենթարկել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ իրենք պատրաստ են քննարկել վարչապետի Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամկետներն ու դրա հետ կապված որոշ պայմաններ:
Նիկոլ Փաշինյանը նաև պատասխանել էր երկխոսություն սկսելու իշխանությունների առաջարկին և նշել 4 պայման։ Մասնավորապես, ըստ նրա, Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տալի վարչապետի պաշտոնից, Ազգային ժողովը պետք է վարչապետ ընտրի ժողովրդի թեկնածուին, ձևավորվում է ժամանակավոր կառավարություն և Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց 20 օր հետո ԱԺ-ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին և երբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն Ազգային ժողովը չպետք է ընդունի կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։