World News

Գերմանիայում փախստականների հարցերով վարչությունում կոռուպցիոն սկանդալ է ի հայտ եկել

Գերմանիայի Բրեմեն քաղաքում Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և փախստականների հարցերով վարչության աշխատակցուհուն կասկածում են կոռուպցիայի և կաշառակերության համար:

Ինչպես գրում է korrespondent.net-ը, պետաշխատակցուհուն մեղադրում են առանց բավարար իրավական հիմնավորումների երկրում ապաստան ստանալու մասին ավելի քան 1200 դիմումի բավարարման համար:

Գերմանիայի կառավարությունում հաստատել են նման հետաքննության փաստը և նշել, որ խոսքը «բավականին լուրջ կասկածների» մասին է:

Գերմանիայի ՆԳՆ-ից հայտնել են, որ տվյալ աշխատակցուհին ժամանակավորապես հեռացված է աշխատանքից: Այլ մանրամասներ չեն հաղորդվում ընթացող հետաքննության պատճառով:

Հայտնի է, սակայն, որ ապաստան ստանալու մասին ամենից շատ դիմումները ստացվել են եզդի փախստականների կողմից: Գումարի դիմաց նրանց դիմումներն անհիմն կերպով բավարարելու համար մեղադրվող աշխատակցուհուց բացի՝ անօրինական գործունեությանը մասնակից լինելու համար կասկածվում են ևս երեք իրավաբան և մեկ թարգմանիչ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքն առնվազն որոշակի թանկարժեք նվերների կամ ռեստորանային հրավերների մասին է: Արդյոք առկա է գումարային ռեսուրսների փոխանցում աշխատակցուհու հաշվին՝ դեռևս հայտնի չէ:

Նշվում է, որ ներկայում հետաքննությունը բացահայտել է Գերմանիայի տարածքում տեղի ունեցած նմանատիպ 2000 դեպք՝ 2013-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Читайте на сайте