World News

Բողոքի ակցիա է կազմակերպվել Լոնդոնում՝ ՀՀ դեսպանատան դիմաց

Լոնդոնում Հայաստանի դեսպանատան դիմաց տեղի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնում:

Բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը կոչ արեց Սփյուռքի մնացած կազմակերպություններին՝ Հայաստանի համար այս վճռորոշ պահին իրենց քայլը կատարել:

«Մենք` Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչներս, ծայրահեղ մտահոգված ենք Հայաստանի տնտեսական վիճակով, Հայաստանում առկա կոռուպցիայով, որի պատճառը գործող իշխանություններն են: Բարձր ենք գնահատում բոլոր նախաձեռնությունների ջանքերը: Մեր աջակցությունն ենք հայտնում պայքարի ելած մեր հայրենակիցներին»,- ասաց ակցիայի կազմակերպիչը:

Մեկ այլ ցուցարար հորդորեց բոլորին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարին գումար փոխանցել:

«Հնարավորություն կա գումար փոխանցել Հայաստան, մենք այստեղից ավելի շատ հնարավորություններ ունենք: Ես անձամբ փոխանցել եմ և հորդորում եմ բոլորիդ: Մենք հազարներով գնացել են Հայաստանից, և եթե Հայաստանում ոչինչ չփոխվի, մենք չենք կարող վերադառնալ: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է գործողություններ անենք»,- հայտարարեց Լոնդոնի հայ համայնքի ներկայացուցիչը:

Նշենք, որ վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձություններին զուգահեռ` Սփյուռքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են անցկացնում հայկական դեսպանատների, հյուպատոսարանների դիմաց: Մասնավորապես` նմանատիպ ակցիաներ են իրականացվել Մոսկվայում, Փարիզում, Մարսելում և այլ վայրերում:

Читайте на сайте