World News

Արարատում բռնության է ենթարկվել «Ազատության» լրագրողը

Վաղ առավոտից հայտարարված էր, Արարատ քաղաքում պետք է ցույց տեղի ունենար: Սակայն, ինչպես արձանագրեց «Ազատության» տեսախցիկը, քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր, բնակիչների պնդմամբ, քաղաքապետարանի աշխատակիցներ են, մարզի գյուղերի համայնքապետեր, փորձում էին իրենց ծանոթներին հեռացնել հրապարակից:


Արարատի քաղաքապետը, դիմելով ցուցարարներին, ասաց, թե արարատցիները չեն դժգոհում իրենց կյանքից, և Արարատում ցույցեր տեղի չեն ունենա: Քաղաքապետը հավալեց, որ հավաքն արտոնված չէ:


Ցուցարարները որոշեցին ավտոերթ իրականացնել, հասնել Երևան և այնտեղ մասնակցել բողոքի ակցիաներին:


Արարատ քաղաքից մեկնարկած ավտոերթն առաջնորդում էր Նոր Կյանք համայնքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին, որ ավտոերթը շարունակվի՝ շրջափակելով Սարգսյանի մեքենան:


Այնուհետև ոստիկանությունը բեռնատար ավտոմեքենա բերեց, որով Գարիկ Սարգյսանը, նրա մեքենայում գտնվող ընտանիքի անդամները տեղափոխվեցին տուգանային հրապարակ:


Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք ծեծում էին Սարգսյանի աջակիցներին, որոնք փորձում էին թույլ չտալ, որպեսզի նրա մեքենան տեղափոխվի տուգանային հրապարակ:


Այդ անձանցից մեկը հարվածեց «Ազատության» լրագրողի դեմքին, երբ վերջինս փորձում էր տեսագրել, թե ինչպես է նա հարվածում մեկ այլ քաղաքացու:


Միջադեպի ականատես ոստիկանները որևէ կերպ չմիջամտեցին:


         

Читайте на сайте