World News

ՀՀ ներքաղաքական գործընթացները պետք է շատ արագ և հաստատական կերպով տեղ գտնեն արտաքին քաղաքականության բոլոր վեկտորներում․ Արման Նավասարդյան

Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի Հանրապետությանը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունը հետաքրքիր մոտեցում էր, բայց դժվարանում եմ ասել, թե դա ինչ զարգացում կստանա։ 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

«Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարցը նոր չէ։ Ես եղել եմ ԵԱՀԿ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչը, և այն ժամանակ արցախյան կողմի մասնակցությունը միշտ օրակարգում եղել է։ Արկադի Ղուկասյանը հաճախ էր լինում Վիեննայում, մասնակցում էր ոչ պաշտոնական նիստերին, կուլիսային հարաբերություններ և կապեր էր պահում նաև մեծ տերությունների ներկայացուցիչների հետ։ Բայց 1998թ. այս ամենը չեղյալ հայտարարվեց»,- նշեց դեսպանը։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Արցախում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Արցախի Հանրապետությանը բանակցային սեղան վերադարձնելու ուղղությամբ քայլեր նախաձեռնելու մասին։

Արման Նավասարդյանի կարծիքով՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ բանակցություններում տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա օրակարգից։

«Մադրիդյան սկզբունքները մեր դիվանագիտության խայտառակ էջերից մեկն է, էլ չեմ ասում՝ Կազանի փաստաթուղթը։ Խոսքը տարածքների հանձնման մասին չէ, խոսքն ինքնորոշման մասին չէ, խոսքը հայկականության դեմ ուղղված գենոցիդի մասին է։ Հայաստանը պետք է հասնի նրան, որ ամբողջ աշխարհին սա հայտնի դառնա, և այդ ժամանակ գուցե մոտեցումները փոխվեն, Արցախը՝ որպես անկախ միավոր, մասնակցի այդ գործընթացին»,- ասաց նա։

Ըստ Արման Նավասարդյանի՝ Բաքուն ընդառաջ չի գնա այս հարցում, բայց հայկական կողմը պիտի ոչ ստանդարտ միջոցներ ձեռնարկի՝ արդյունքի հասնելու համար։

«Շատ բան կախված է նաև մեր հետագա հզորությունից։ Եթե այն, ինչ հիմա նախատեսվում է՝ ներկայիս համակարգի փլուզումը, իրականանա, Արցախի հարցում մեր նկատմամբ միջազգային հանրության բարյացակամությունն ավելի կմեծանա։ Համենայն դեպս, այսօր Ադրբեջանը մի բևեռում է՝ որպես ավտորիտար պետություն, և հանկարծ Կովկասում հայտնվել է մի պետություն, որը խոսում է դեմոկրատիայից, ներողամտությունից, մարդկային արժեքներից և այլն։ Այն, ինչ կատարվում է ներքին քաղաքականության մեջ, պետք է շատ արագ և շատ հաստատական կերպով տեղ գտնի արտաքին քաղաքականության բոլոր վեկտորներում»,- նշեց դեսպանը։

Читайте на сайте