World News

Դեղերի դեղատոմսով դուրսգրումը կավելացնի նարկոմանիայի ռիսկերը, մյուս կողմից՝ այն կնպաստի հիվանդությունների հայտնաբերմանը. ուսումնասիրություն

Պոլիկլինիկաները վերջին երկու ամիսներին ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Պատճառներից մեկն էլ այն է, որ որոշակի դեղեր ստանալու համար քաղաքացիները ստիպված են գնալ պոլիկլինիկա դեղատոմսեր ստանալու համար՝ այս կերպ ծանրաբեռնելով բժշկի աշխատանքը: Այս եզրակացությանն է եկել«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդման թղթակիցը՝ ուսումնասիրելով դեղատոմսով դեղորայքի դուրսգրման որոշման դրական ու բացասական կողմերը:

Տեսանյութում թղթակիցը ներկայացրել է, որ նախկին կառավարության որոշմամբ՝ հուլիսի մեկից դեղատոմսով վաճառելու հերթը ներարկվող դեղամիջոցներինն է, հոկտեմբերի մեկից՝ արդեն դեղատոմսով բաց թողնվող մնացած դեղամիջոցներինը, ընդհանուր առմամբ՝ շուրջ 2500 անուն դեղ:

Առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ բուժհաստատություններ դիմելիության խնդիր կա: Եվ հիվանդությունների ուշ հայտնաբերելիությունը նաև դրա հետ է կապված: Նրա կարծիքով՝ դեղատոմսերն ինչ-որ առումով պետք է խթանեն դա, բայց, այդ խթանման պրոցեսը չպետք է լինի ի վնաս ինչ-որ մեկի:

Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանը թվարկում է որոշման թերի ու բացասական կողմերը. «Եթե նախկինում թմրանյութերի դուրսգրումներն արվում էին մեկ-երկու մասնագետի կողմից, այժմ թույլատրվում է անել բոլոր մասնագետներին: Դա նշանակում է նարկոմանիայի ռիսկերի ավելացում: Ես անգամ զարմանում եմ, որ իրավապահներն իրենց համաձայնությունը տվել են այս որոշմանը դեռևս նախագիծ լինելու փուլում»:

Նույն ԲԿ-ի պոլիկլինիկական ծառայության գծով փոխտնօրեն Սպարտակ Միրզոյանն էլ տեղեկացրել է, որ ամեն մի գրամ հոգեմետ դեղի ավելացումը կամ նպատակայնությունը հանձնաժողովային կարգով է որոշվում:

Դեղատոմսով դեղորայքի վաճառքի որոշման համաձայն՝ բժիշկները դեղատոմսում դեղի առևտրային անվանման փոխարեն նշում են քիմիական բաղադրությունը: Սակայն բժիշկները ազդող նյութը նշելուն դեմ են, որը ոչ միայն դժվարացնում է նրանց աշխատանքը ժամանակի առումով, այլև բարդացնում է պացիենտների ընտրության գործը: Նշել են, որ նույն ազդող նյութով տասնյակ դեղեր կան, բայց արդյունավետությունը տարբեր է:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ մանկական պոլիկլինիկայի վարիչ Արմինե Քալանթարյանի ձևակերպմամբ՝ բուժող բժիշկը գիտի՝ իր բուժման արդյունավետությունը պայմանավորված է տվյալ պրեպարատով, երեխայի օրգանիզմն ավելի ճիշտ է այդ բուժմանը արձագանքում, բայց ինչ-ինչ պատճառներով նա պետք է վերցնի դեղատան, դեղագործի տրամադրած դեղորայքը:

Դեղատներում «Սուր անկյուն» հաղորդաշարի ստեղծագործական խմբի հարցումները ցույց են տվել, որ նույնանուն դեղի, օրինակ՝ Ամոքսացիլինի տարբեր երկրների արտադրանքը տարբեր է ներգործության աստիճանով, ու հիմա էլ դեղատան աշխատակիցն է ուղղորդում հիվանդին, թեկուզ անուղղակի: Բացի այդ, չնայած որոշումը դեռ կասեցված չէ, բայց որոշ դեղատներ հակաբիոտիկները վաճառում են առանց դեղատոմսի:

Բժիշկները չեն բացառում, որ որոշ դեղագետներ այս կամ այն դեղն առաջարկելիս առաջնորդվեն ոչ թե պացիենտի, այլ սեփական բիզնես-շահերով՝ առաջարկելով առավելապես ժամկետի ավարտին մոտ կամ թանկարժեք դեղորայք՝ չներկայացնելով մյուս տարբերակները:

Սպարտակ Միրզոյանը հարցադրում է անում. «Ինչու կոնկրետ այդ դեղը, որովհետև այն ավելի թանկ էր և ոչ արդյունավե՞տ: Մենք շատ լավ գիտենք, որ կան շատ էժան դեղեր, որ ավելի արդյունավետ են, քան ավելի թանկարժեք շատ դեղեր»:

Պարզվում է՝ խնդիրներից մեկն էլ դեղատոմսի վրա պացիենտի պատմագրի կամ բժշկական քարտի համարը նշելն է, որ բարդացնում է դեղատոմսի տրամադրումը, եթե այն հարկավոր է գրել տնայցի ժամանակ կամ եթե բժշկին դիմած անձը համապատասխան քարտ չունի: Դեղատոմսի պատճառով սահմանափակվում է նաև հատով դեղ գնելու հնարավորությունը: Գործող կարգով կան բազմակի օգտագործման դեղատոմսեր, որոնք ընդամենը 6-անգամյա են:

«Եթե կա այդպիսի խնդիր, որ մարդ գնում, մի քանի հարյուր դրամի դեղ է գնում, որովհետև չի կարող մի քանի հազար դրամի դեղ գնել, մենք չպետք է դրան խոչընդոտենք ոչ մի կերպ, այլապես պետք է իրեն տանք այդ գումարը, այսինքն՝ որոշումների կայացման ժամանակ պետք է անպայման հաշվի առնենք այս հանգամանքը»,-ասել է Արսեն Թորոսյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի կարծիքով՝ խախտվել են բոլոր իրավաբանական, մարդկային, բարոյական նորմերը. «Որոշումը պիտի հիմա հետաձգվի, վրան պիտի նորմալ աշխատանք տարվի, հետագայում արդեն կտեսնենք»:

Պոլիկլինիկաների բժիշկների աշխատանքային օրվա ավարտից հետո, ինչպես նաև ոչ աշխատանքային օրերին դեղի կարիք ունեցողները ստիպված սպասում են մինչև բժշկի աշխատանքի ներկայանալը՝ բարդացնելով առողջական վիճակը, ինչպես նաև դեղատոմսի համար դիմում են ստացիոնար բուժման՝ բնականաբար վճարելով:

«Պոլիկլինիկաներն օրվա երկրորդ կեսից չեն աշխատում, բժիշկները կանչերի են ժամը մեկից հետո, պիտի գնան տնային կանչերի: Իսկ եթե գալիս են դեղատոմս խնդրելու՝ բժիշկը տեղում չէ, մյուս բժիշկը պարտավոր չէ դեղատոմս գրել, նա էլ զբաղված է իր գործերով»,-պարզաբանել է Արա Մինասյանը:

Գործող կարգի պարագայում Շտապօգնության ծառայության կանչերն էլ են անօգուտ, քանի որ նրանք բազմիցս հայտարարել են, որ հակաբիոտիկներ կամ հորմոնալ պրեպարատներ չեն տրամադրում, դեղատոմս՝ ևս:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ Շտապօգնության մասով կարելի է մտածել, ինչու չէ, կարող են լիազորություն տալ Շտապօգնության բժշկին, եթե նա համոզված է, որ կարող է տալ ախտորոշում տնայցի ժամանակ, այդ պահին էլ գրի դեղատոմսը. «Անկախ որոշման ճակատագրից, կքննարկենք, կորոշենք կիրակի օրվա կամ ուշ ժամի դեպքերում ինչ անել: Հավանաբար այն դեղամիջոցների համար, որոնք պետք է սկսեն դեղատոմսով բաց թողնվել ամռանը և աշնանը, մենք կունենանք հետաձգում, մյուս կողմից էլ հակաբիոտիկների մասով որոշում կկայացնենք, դա այն ամենամեծ խումբն է, որի չարաշահման դեմ այս որոշումը պայքարում էր»:

Читайте на сайте