Եթե սնունդ արտադրողը շենքային պայմանները և աշխատակիցների հիգիենան ապահովի, 70-80%-ով զերծ կմնանք սննդային թունավորման դեպքերից․ Ռ. Հայթյան
Եթե սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունն ապահովի նորմալ շենքային պայմաններ և աշխատակիցների հիգիենային հետևի՝ 70-80 տոկոսով զերծ կմնանք թունավորման դեպքերից։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ Ռուբեն Հայթյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզում վերջերս տեղի ունեցած զանգվածային թունավորման դեպքին։
«Հայաստանում ստեղծված է մի երևույթ, որ սննդի թունավորման դեպքերը պատահում են, նոր իրավասու կազմակերպությունները դեպքերի հետևից են գնում։ ՀՀ-ում սննդամթերքի արտադրության, սպառման նորմատիվ և իրավական դաշտը բավականին լավն է, օրենքների առումով խնդիր չկա։ Այլ բան է՝ հաշվի առնո՞ւմ ենք այս օրենքները պահանջները, թե ոչ»,- ասաց նա։
Օրենքները հսկելու համար բազմաթիվ կազմակերպություններ կան՝ Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կազմում՝ Շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպությունը և այլն․ «Այս կազմակերպությունները պետք է ամենօրյա հսկողություն իրականացնեն, մատների արանքով չնայեն, գնան հսկեն»։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Արմավիրի ԲԿ է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից՝ սննդային թունավորման ախտանիշներով: Հիվանդները նշել էին, որ ընդմիջման ժամանակ կերել են հավի մսով բուտերբրոդներ։ Արմավիրում թունավորման դեպքի առնչությամբ հիվանդներից վերցված բոլոր կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ։
Ռուբեն Հայթյանի խոսքով՝ սալմոնելոզի տարբեր հարուցիչներ կան. դա կարող է և՛ այդ հիվանդությամբ մարդու հետ շփումից, և՛ ձեռք բերված հումքից լինել։
Փորձագետը նաև նշում է, որ եթե մարդն արտադրություն է դնում, պետք է ունենա համապատասխան շենքային տարածք, ոչ թե տնային պայմաններում արտադրություն կազմակերպի։
«Մտնում եմ մարկետ, տեսնում եմ՝ գեղեցիկ տորթ է, հարցնում եմ՝ տորթի սերտիֆիկատն ո՞ւր է, աշխատակիցը պատասխանում է՝ գիտեք, վերևում մի մանկավարժ կին է ապրում, փող չունի, օրը մի հատ սարքում է։ Դա անհայտ ծագում ունեցող է, դրա համար պատասխանատվություն է նախատեսված։ Նույնն էլ, ես որքան հասկացա, Արմավիրի թունավորման դեպքում էր, այդ մարդիկ ստաբիլ արտադրություն են ունեցել սեփական տան մի մասում։ Արտադրությունը պետք է մեկուսացված, առանձնացված լինի՝ սանիտարական բոլոր պայմաններով ապահովված»,- ընդգծեց նա։
Երկրորդ կարևոր խնդիրը, ըստ Հայթյանի՝ աշխատակիցների անձնական հիգիենայի ապահովումն է։ Սննդի արտադրության աշխատող անձնակազմը պետք է 6 ամիսը մեկ ստուգում անցնի։ Իսկ այլ քաղաքացիների մուտքն ու ելքն արտադրության տարածք ընդհանրապես պետք է վերացվի։
«Այս երկու կարևոր հանգամանքները՝ սանիտարական և շենքային պայմաններն այն գործոնն են, որը, կարելի է ասել, 70-80 տոկոս զերծ կպահի թունավորման դեպքերից»,- հայտնեց նա։
Ռուբեն Հայթյանը ոչ պակաս կարևոր խնդիր է համարում նաև հումքի ձեռքբերումը․ «Այդ բուտերբրոդների հավի միսը որտեղի՞ց են ձեռք բերել, սերտիֆիկատ ունե՞ն, թե՞ ոչ։ Բազմիցս ասել ենք, որ իրացման բոլոր կետերում ապրանքը պետք է ունենա համապատասխանության սերտիֆիկատ»։