Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը` Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր (լուսանկարներ)
Սկոպյեում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հրաշալի են հանդես եկել նաև հունահռոմեական ոճի ըմբիշները:
60 կգ քաշային կարգում հանդես եկող Սահակ Հովհաննիսյանը դարձել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր:
Հայ ըմբիշը անցկացրել է 5 գոտեմարտ: Մինչև կիսաեզրափակիչ նա ուժեղ է եղել ուկրաինացի, սլովակ և թուրք ըմբիշներից, կիսաեզրափակիչում 4-1 հաշվով հաղթել է ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին:
Եզրափակչում էլ Հովհաննիսյանը 5:3 հաշվով առավելության է հասել վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:
80 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4:6 հաշվով պարտվել է նորվեգացի Էքսաուս Մուկուբուին:
45 կգ քաշային կարգում էլ հաղթող է դարձել Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին 4 հաղթական գոտեմարտից հետո եզրափակիչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի պատանեկան առաջնությունից Հայաստան էր վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով: