Թուրքիայի նախագահի թեկնածու Դողու Փերինչեքը հայտարարել է, որ հաղթելու դեպքում երկիրը դուրս կբերի ՆԱՏՕ-ի կազմից
Թուրքիայի նախագահի թեկնածու, ազգայնական գործիչ, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե նա հաղթի հունիսի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններում, երկիրը դուրս կգա ՆԱՏՕ-ից։
«ՆԱՏՕ-ի համար Թուրքիան թշնամի է՝ չնայած Թուրքիան դրա անդամ է: Բոլորովին վերջերս դաշինքը զորավարժություններ էր անցկացնում, որտեղ Աթաթուրքը և Թուրքիայի գործող նախագահը որպես մարտական թիրախ էին ներկայացվել: ԱՄՆ-ն օգնություն է տրամադրում ահաբեկչական քրդական խմբավորումներին, նրանց զենք է մատակարարում, այդ պատճառով Թուրքիան և ԱՄՆ-ն այժմ ոչ բարեկամական հարաբերությունների մեջ են: Երբ մենք գանք իշխանության, Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, ամերիկյան ինքնաթիռներն «Ինջիրլիք» ավիաբազայից կհեռանան տուն, իսկ ավիաբազան կանցնի թուրք զինվորականների հսկողության տակ, Թուրքիայում էլ չի մնա ոչ մի ամերիկյան ռազմական ներկայություն»,- ասել է Փերինչեքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսն ԱՄՆ վեցերորդ նավատորմի մասնակցությամբ մարտին Թուրքիայի դեմ ուղղված զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովի արևելքում:
«Ես դա գնահատում եմ որպես մեծ վտանգ Թուրքիայի համար, և այդ առնչությամբ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ մեր բարեկամությունն առաջնահերթություն է թվում…»,- ասել է նա:
Փերինչեքը նաև նշել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքներն ավելի շատ ուղղված են Թուրքիային:
Հիշեցնենք, որ դեռևս 2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր Փերինչեքին՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար:
Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը: 2013 թվականի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը բավարարել էր Փերինչեքի հայցը:
Շվեյցարիայի կառավարությունը հայց էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Գերագույն պալատ փոխանցելու խնդրանքով: Այս գործում Փերինչեքին նույնպես հաջողվել էր հաղթել դատական գործը: