World News

Արմեն Նազարյան. Կցանկանամ, որ որդիս Օլիմպիական ոսկին բերի Բուլղարիա

Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը, ով Բուլղարիայի ըմբաշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է, խոսել է որդու` Էդմոնդ Նազարյանի նվաճման մասին, ով դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն:

 

45 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող 16-ամյա Էդմոնդ Նազարյանը եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ:

 

«Քանի որ ես Օլիմպիական կրկնակի չեմպիոն եմ, կցանկանամ, որ Էդմոնդը Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը բերի Բուլղարիա և գերազանցի իմ հաջողությունները:

 

Ես նրան նախ օգնել եմ որպես մարզիչ, այնուհետև` որպես հայր: Ու կցանկանամ, որ ոչ միայն իմ տղան, այլև` բոլոր երեխաները չեմպիոնական մեդալներ նվաճեն: 

 

Էդմոնդն անհավանական ոգի և սիրտ ունի, բայց դեռ փորձի կարիք է զգում»,- Նազարյանի խոսքերն է փոխանցում Բուլղարիայի ըմբաշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

 

Աղբյուրը նաև նշում է, որ հայ և բուլղարացի ըմբիշները միասին են նշել հաջողությունը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը 60 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում 5:3 հաշվով առավելության հասնելով վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:

 

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

Читайте на сайте