World News

Մենք որևէ կուսակցական մոտեցում չունենք Հայաստանի հետ հարաբերություններում. Կիպրոսի խորհրդարանի նախագահ

Մենք պետք է օգտագործենք այն ամուր կապերը, որոնք առկա են մեր ժողովուրդների միջև և դրանք կարողանանք արդյունավետ օգտագործել գործարար, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Երևանում գտնվող Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը:


Ըստ նրա՝ կապերի արդյունավետ օգտագործումը կծառայի երկու ժողովուրդներին: «Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Վարդգես Մաղդեսյանին՝ իր ներդման, աջակցության համար: Նա ներկայացնում է ոչ միայն հայկական Սփյուռքը Կիպրոսում, այլև հայկական Սփյուռքը՝ աշխարհում: Նրա ջանքերի շնորհիվ կկարողանանք կայացնել համատեղ ցուցահանդես»,- ասաց Դեմետրիս Սիլուրիսը:


Կիպրոսի խորհրդարանի նախագահի խոսքով՝ ապագան մեր ժողովուրդներին է պատկանում, որի հիմքն են արդարությունը, ժողովրդավարությունը:


Լրագրողների խնդրանքով՝ Դեմետրիս Սիլուրիսը անդրադարձավ Հայաստանում տիրող ներքին իրավիճակին՝ հեղափոխությանը, նշելով. «Հայաստանը մեզ համար մեկն է: Մենք այլ մոտեցումներ ու կարծիքներ ունենք Հայաստանի հետ մեր համագործակցության մասին: Մենք որևէ կուսակցական մոտեցում չունենք մեր հարաբերություններում»:


Կիպրոսի խորհրդարանի նախագահը նշեց, որ իրենք ուզում են Հայաստանը տեսնել ուժեղ:


Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում նախատեսվա՞ծ է, նա պատասխանեց. «Մեր ծրագիրը հայտնի է»:

Читайте на сайте