Գրետա Սարգսյանը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում
Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ եկեղեցուց մեկնարկեց սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հուղարկավորության արարողությունը: Ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նախկին ու ներկա մի շարք պաշտոնյաներ, ընտանիքի անդամներ, Վազգեն Սարգսյանի մարտական ընկերներ:
Tert.am-ի հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունենալու ենք այնպիսի Հայաստան, ինչպիսին երազում էին Գրետա մայրիկը, Վազգեն Սարգսյանը և բոլորը: «Հզոր Հայաստան ենք ունենալու, որի հետ հաշվի են նստելու»,- նշեց նա:
Հուղարկավորությանը մասնակցում են նաև նախագահ Արմեն Սարգսյանը, ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը:
Գրետա մայրիկը հուղարկավորվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի բակում: Մի շարք ազատամարտիկներ Tert.am-ի հետ զրույցում նշեցին, որ Գրետա Մայրիկը ազատամարտի խորհրդանիշ էր, հերոս սպարապետ էր ծնել, ով մեծ դերակատարության ունեցավ բանակաշինության գործում:
Ի դեպ, առավոտյան եկեղեցի էր այցելել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը: