World News

Ա. Բաբլոյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ-ն և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մայիսի 21-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է ընդլայնված կազմով: Այս մասին տեղեկացրին ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունները վերջին տարիներին համատեղ ջանքերի շնորհիվ որակական նոր մակարդակի են հասել: ԱԺ նախագահը բարձր է գնահատել միջազգային կառույցներում երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությունը:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով` երկկողմ ամուր հարաբերությունները պայմանավորված են պատմամշակութային, հոգևոր և արժեհամակարգային ընդհանրություններով:

Ըստ Արա Բաբլոյանի` այս այցը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու մեծ հնարավորություն է, ինչն իր հերթին կնպաստի  բարեկամ երկրների միջխորհրդարանական և միջպետական հարաբերությունների առավել խորացմանն  ու զարգացմանը:

ՀՀ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը`  հույս հայտնելով, որ Կիպրոսի Ներկայացուցիչների  պալատը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին` Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը մշտապես սատարել են միմյանց դիրքորոշումները` Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Կիպրոսի խնդրի կարգավորման հարցերում: «Թեև մեր առջև դրված են տարբեր խնդիրներ, սակայն կարգավորման առումով մոտեցումը նույնն է` առանց ուժի կիրառման, բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա»,- ասել է Արա Բաբլոյանը:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ  Կիպրոսն ու Հայաստանն ընդհանրություններ շատ ունեն և  հաշվի առնելով այդ հանգամանքը` կարելի է առավել խորացնել ու զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում:

Դեմետրիս Սիլուրիսն առաջարկել է ստեղծել խորհրդարանական համագործակցության եռակողմ ձևաչափ` Կիպրոս-Հայաստան-Հունաստան: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարևորել է հնչած առաջարկը:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին` Դեմետրիս Սիլուրիսը վերահաստատել է, որ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում և միջազգային տարբեր հարթակներում մշտապես աջակցել և աջակցելու է Հայաստանին:

Հանդիպմանը կողմերը կարևորել են Կիպրոսի հայ համայնքի դերակատարությունը` նշելով,  որ հայերը Կիպրոսի հասարակության լիիրավ անդամներ են և մեծ դեր ունեն պետության զարգացման գործում:

Հայաստանի և Կիպրոսի պատգամավորները, անդրադառնալով  գիտակրթական,  մշակութային, տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում հետագա զարգացման հնարավորություններին,  ընդգծել են, որ  առկա մեծ ներուժ կա:

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը  գրառում է կատարել  ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

Հանդիպման ավարտին  Արա Բաբլոյանն ու  Դեմետրիս Սիլուրիսը  եղևնի են տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում` ի նշան երկու ժողովուրդների հարատև բարեկամության, որից հետո  լրատվամիջոցների համար հանդես են եկել համատեղ  հայտարարությամբ: 

Читайте на сайте