World News

Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, մենք այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան. Արայիկ Հարությունյան

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին նշեց, որ բուհերի ռեկտորներին նշանակում են այն խորհուրդները, որոնք իշխանությունն էր ձևավորում և այդ ռեկտորները որոշակի պարտավորություն էին ունենում նրանց հանդեպ, ինչի արդյունքում արդյունավետ կառավարման խնդիրներ էին առաջանում:

Անդրադառնալով անվճար կրթության հնարավորությանը, նախարարն ասաց, որ անվճար և մատչելի կրթությունը ընդհանուր խնդիր է և հույս հայտնեց, որ առաջիկա տարիներին տնտեսական բավարար աճ ապահովելով՝ կանդրադառնան դրան:

«Հիմա չեմ ուզում ասել, որ այն օրակարգային հարց է՝ հաշվի առնելով ներկայիս տնտեսական իրավիճակը, սակայն շատ ցանկալի է, որ բարձրագույն կրթությունը Հայաստանում ամբողջությամբ անվճար լինի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, ապա կրթության և գիտության նախարարն ասաց, որ նախկինում արատավոր երևույթ կար: «Բուհերի հսկայական միջոցների հաշվին Երիտասարդական հիմնադրամն ապահովել է Հանրապետական կուսակցության փիառը, երիտասարդների ներգրավումը քաղաքական պրոցեսների մեջ, տարբեր խնջույքների, «տմբլտաշիների» և նմատատիպ միջոցառումների միջոցով»,-ասաց նա:

Նա նշեց, որ թեև հիմնադրամն ինչ-որ չափով սոցիալական խնդիրներ է լուծել, սակայն դա արել են որոշակի պայմանով, որ ընտրություններին աջակցեն ՀՀԿ-ին:

Պատասխանելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի՝ քաղաքականացված լինելու մասին հարցին Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ Արամ Սիմոնյանը եղել է քաղաքականացված, նրա թիմը որոշումներ կայացնելիս այդ ֆիլտրը ունեցել է պարտադիր: Մենք ասել ենք, որ այնպես ենք անելու, որ բուհերը զգալի ինքնավարություն ունենան, և այդ սկզբունքից չենք շեղվելու»,-ասաց նա:

Նախարարը խոսեց նաև այլ խնդրի մասին և նշեց, որ շատ վատ է, որ բուհերի բյուջեների կեսից ավելին ձևավորվում է ուսանողների վարձերից, ինչն ազդում է դասապրոցեսների վրա, ընդհանուր որակի վրա, քանի որ շատ հաճախ չսովորող, տվյալ մասնագիտությանը չհամապատասխանող ուսանողները դուրս չեն մնում բուհերից, որովհետև վճարում են: «Պետք է ասեմ, որ ԵՊՀ-ի դեպքում վերջին ամիսներին, տարվա ընթացքում իրավիճակը փոխվել է, և տասնյակ, հարյուրներով ուսանողներ դուրս են մնում համալսարանից` չսովորելու համար և միջնաժամկետ կտրվածքով սա կարող է դրական լինել»,-ասաց նա:

Читайте на сайте