Քիմ Քարդաշյանը դեմ առ դեմ կհանդիպի ցմահ դատապարտված կնոջ հետ, որն ազատ է արձակվել հայուհու ջանքերով
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է մեկնել Մեմֆիս քաղաք, որտեղ առաջին անգամ հանդիպելու է իր խնդրանքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ներում ստացած Էլիս Ջոնսոնին, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ կինը ցմահ ազատազրկման էր դատապարտվել թմրանյութերի տարածման մեղադրանքով:
Նշվում է, որ դա լինի 37-ամյա գեղեցկուհու ու 63-ամյա կնոջ առաջին դեմ առ դեմ հանդիպումը:
Քարդաշյանը փաստաբանների մեծ թիմ էր վարձել ու ամիսներ շարունակ զբաղվում էր Ջոնսոնի գործով, քանի որ տեսել էր կնոջ մասին պատրաստված հաղորդումն ու շատ էր հուզվել: Քարդաշյանն այս հարցով հանդիպում էր ունեցել նախագահ Թրամփի հետ՝ խնդրելով ներում շնորհել կնոջը:
«Երբ Քիմն ինձ ասաց, որ կարող եմ ազատության մեջ հայտնվել, սկսեցի ցատկոտել, լացել ու գոռալ: Դա ուղղակի հրաշալի էր: Այնքան երջանիկ եմ, որ այդ լուրը հենց նա է ինձ հաղորդել: Պատմությունս հրաշալի ավարտ ունեցավ»,-նշել է Ջոնսոնը:
Հայտնի է, որ Քարդաշյանն ու Ջոնսոնը միասին կհայտնվեն NBC հեռուստաալիքի Today շոուի եթերում: