World News

Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետները և ևս 2 պաշտոնյա աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել

Լոռու ՀՀԿ-ական փոխմարզպետները՝ Տիգրան Բադոյանը և Արսեն Դարբինյանը, աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել վարչապետին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Տիգրան Բադոյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է հրաժարական տվել՝ իրեն ասե՞լ են, թե ինքն է քաղաքական նոր իրավիճակով պայմանավորված նման որոշում կայացրել, Բադոյանը պատասխանեց. «Դա գրեթե նույն բանն է, որովհետև մեր պաշտոնները քաղաքական են. բնականաբար նախատեսված մարդիկ են գալու, նպատակահարմար եմ համարել ներկայացնել ազատման դիմում»:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանն էլ հայտնեց, որ դեռ երկուշաբթի հրաժարական էին ներկայացրել Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանի խորհրդական Աշոտ Մանուկյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը:

Փոխմարզպետի պաշտոնում շարունակում է պաշտոնավարել ՀՅԴ-ական Հովհաննես Թադևոսյանը։  Հարցին, թե ինչո՞ւ, արդյո՞ք այն պատճառով, որ Դաշնակցությունը ժամանակավոր, համաձայնության կառավարության կազմում է, Նարեկ Սարգսյանը պատասխանեց . «Չեմ կարող ասել՝ ինչու, բայց մնում է: Բայց այն, ինչ ասում եք, տրամաբանական է»:

Читайте на сайте